Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանի կողմնակիցները երեկ վաղ առավոտից փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Ուշագրավն այն է, որ ե՛ւ հաղթած թեկնածու Արթուր Ստեփանյանը, ե՛ւ պարտված Տիգրան Խուդոյանը ՀՀԿ-ականներ են, սակայն իշխող կուսակցությունն ընտրություններում սատարում էր պարտված թեկնածուին: Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն, Խուդոյանը՝ 1816 ձայն: Այս ընտրատարածքում եւս երկու թեկնածու էր առաջադրված, ովքեր սակայն սատարում էին հենց Արթուր Ստեփանյանին:
Այսպիսով՝ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չլինելով՝ Խուդոյանի մի խումբ կողմնակիցներ երեկ փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ իրենց համայնքը ղեկավարի հենց նա: Ավելի ուշ ճանապարհը փակած բնակիչներին հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, բանակցություններից հետո կրքերը հանդարտվել են, եւ բնակիչները բացել են ճանապարհը:
«Ճանապարհը փակել էին հիմնականում Տիգրան Խուդոյանի կողմնակիցները: Նրանք չեն կարողանում համակերպվել իրենց թեկնածուի պարտության հետ: Նրանց հետ հանդիպման ժամանակ ներկա էր նաեւ պարտված Տիգրան Խուդոյանը: Մենք բացատրեցինք, որ ճանապարհ փակելն անօրինական է: Ես բացատրեցի, որ ընտրության արդյունքները բողոքարկելու օրենքով սահմանված տարբերակներ կան, սակայն ճանապարհ փակելը դրանցից մեկը չէ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Վայոց ձորի մարզպետի խոսքով՝ բնակիչները ոչ միայն պահանջում են չեղարկել ընտրությունները, այլ համաձայն չեն վարչատարածքային բաժանման հետ եւ պահանջում են իրենց Շատին համայնքն առանձնացնել, սակայն մարզպետի խոսքով՝ դա այլեւս հնարավոր չէ:
Իրադարձությունների ընթացքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանի հետ:
-Պարո՛ն Խուդոյան, Ձեր կողմնակիցները երեկ փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները: Ինքնաբո՞ւխ է եղել, թե՞ Դուք եք ուղղորդել:
-Իհարկե, ինքնաբուխ է եղել: Ես ուշ եմ իմացել, եկել, միացել եմ: Ճանապարհ են փակած եղել, խնդրել եմ, որ ճանապարհը բացել են: Մենք խաղաղ երթ ենք կազմակերպել, վանկարկումներ ենք արել ու գնացել ենք տներով: Ես հիմա վերադառնում եմ Եղեգնաձոր:
-Ձեզ համար սպասելի՞ էին ընտրությունների նման արդյունքը:
-Մի հայտնի պարադոքս կա, ասում են՝ եթե թուղթը սպիտակ է, ուրեմն սպիտակ է: Ես սպասում էի, որ իմ քվեների քանակը պետք է այդքան լիներ, մյուս քվեները մի քիչ շատ եղավ: Բայց ամեն դեպքում ժողովուրդն է որոշել այդպես: ժողովուրդն արժանի է իր ղեկավարին:
-Եթե ժողովուրդն է որոշում, ինչո՞ւ էիք երթ անում:
-Հարցրեք ժողովրդին: Ես նորից եմ կրկնում՝ հավաքն ինքնաբուխ է եղել: Ես ավելի ուշ տեղեկացել եմ, որ ճանապարհ են փակել, եկել եմ, ասել, որ ճանապարհ փակելն անօրինական քայլ է: Ճանապարհ փակելով հարցը չեն որոշում: Ի սկզբանե ասեմ, որ նրանց պահանջն ավելի շատ ոչ միայն արդյունքն էր, այլ նաեւ վարչատարածքային բաժանմունքը:
-Հնարավո՞ր է՝ բողոքարկեք ընտրությունների արդյունքները:
-Ես հիմա մտածում եմ հետագա քայլերի մասին: Այս պահին չեմ մտածել արդյունքները բողոքարկելու մասին, սակայն մտածում եմ:
-Պարո՛ն Խուդոյան, Ձեր թիմակիցները կլսե՞ն Ձեզ եւ այլեւս փողոց չե՞ն փակի:
-Ես եմ լսում իմ թիմակիցներին, այլ ոչ թե նրանք՝ ինձ: Եթե ես մի խոսք պետք է ասեմ, որ դեմ լինի ժողովրդին, ես երբեք այդպիսի խոսք չեմ ասի: Շատ էլ ես եմ թեկնածուն:
Նաիրա Հովհաննիսյան