ՀՀ-ԵՄ համաձայնագիր. պետք է խթանեն գործնական միջավայրի բարելավում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ՀՈԴՎԱԾ 68

Համագործակցությունը պետք է ուղղված լինի հետեւյալ թեմաներին՝
ա) տեղեկությունների, լավագույն գործելակերպերի, փորձի փոխանակում եւ «նոու-հաու»-ի փոխանցում, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների առնչությամբ,
բ) պետական, մասնավոր հատվածների եւ համայնքների շահերի միջեւ ռազմավարական գործընկերության հաստատում՝ զբոսաշրջության կայուն զարգացումն ապահովելու նպատակով,
ՀՈԴՎԱԾ 69
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ԳԼՈՒԽ 10
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 70
Կողմերը պետք է համագործակցեն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացումը խթանելու շուրջ՝ մասնավորապես քաղաքականությունների եւ օրենսդրության աստիճանական համապատասխանեցման միջոցով։

ՀՈԴՎԱԾ 71
Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ոլորտում Կողմերի միջեւ համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման քաղաքականություններին առնչվող փոխըմբռնման գործընթացի խթանում,
բ) քաղաքականությունների պլանավորման, գնահատման եւ իրականացման գործընթացներում վարչական կարողությունների ընդլայնում կենտրոնական եւ տեղական մակարդակով՝ Եվրոպական միության օրենսդրությանը եւ լավագույն գործելակերպերին համապատասխան,
գ) գյուղատնտեսական արտադրանքի կայունության եւ արդիականացման խթանում,
դ) գյուղատնտեսական համայնքների տնտեսական բարեկեցությունը խթանելու նպատակով գյուղական համայնքների զարգացման քաղաքականություններին առնչվող գիտելիքների եւ լավագույն գործելակերպերի կիսում,
ե) գյուղատնտեսական հատվածի մրցունակության եւ շուկաների արդյունավետության ու թափանցիկության բարելավում,
զ) որակի քաղաքականությունների եւ դրանց վերահսկման մեխանիզմների, մասնավորապես աշխարհագրական նշումների եւ օրգանական գյուղատնտեսության խթանում,

է) գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների եւ փորձի տարածման ծառայությունների խթանում, եւ
ը) միջազգային այն կազմակերպությունների շրջանակում դիտարկվող հարցերի ներդաշնակեցման գործընթացի ընդլայնում, որոնց երկու Կողմերն էլ անդամակցում են։

ԳԼՈՒԽ 11
ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 72
Կողմերը պետք է համագործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ձկնարդյունաբերության եւ ծովագնացության կառավարմանը՝ դրանով նպաստելով ձկնարդյունաբերության ոլորտում ավելի սերտ երկկողմ, բազմակողմ եւ միջազգային համագործակցության զարգացմանը։
ՀՈԴՎԱԾ 73
Կողմերը պետք է ձեռնարկեն համատեղ գործողություններ, փոխանակեն տեղեկություններ եւ ցուցաբերեն փոխադարձ աջակցություն՝ նպատակ ունենալով խթանել՝
ա) կայուն զարգացման սկզբունքներին համահունչ՝ ձկնորսության եւ ձկնարդյունաբերության պատասխանատու կառավարումը՝ ձկան պաշարները եւ էկոհամակարգերը առողջ վիճակում պահպանելու նպատակով, եւ
բ) ջրային կենդանի ռեսուրսների կառավարման եւ պահպանման համար պատասխանատու՝ բազմակողմ եւ միջազգային համապատասխան կազմակերպությունների միջոցով համագործակցությունը՝ մասնավորապես համապատասխան միջազգային մոնիթորինգի եւ իրավակիրառ գործիքների ամրապնդման միջոցով։

ՀՈԴՎԱԾ 74
Կողմերը պետք է աջակցեն այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են փորձի փոխադարձ փոխանակումը եւ աջակցության տրամադրումը՝ ձկնարդյունաբերության կայուն քաղաքականության իրականացում ապահովելու նպատակով, որն ընդգրկում է՝
ա) ձկնարդյունաբերության եւ ակվակուլտուրաների պաշարների կառավարումը,
բ) ձկնորսական գործունեության ստուգումն ու վերահսկողությունը,
գ) որսին, տարածքում տեղակայմանն առնչվող, կենսաբանական եւ տնտեսական տվյալների հավաքագրումը,
դ) շուկաների արդյունավետության բարելավումը, մասնավորապես արտադրական կազմակերպությունների գործունեությունը խթանելու, ինչպես նաեւ սպառողներին տեղեկություններ տրամադրելու եւ շուկայահանման ստանդարտների ու հետագծելիության միջոցով,
ե) լճափ կամ նաեւ՝ լճակներ կամ գետաբերան ներառող տարածքների կայուն զարգացումը՝ ձկնարդյունաբերության ոլորտում զբաղվածության զգալի մակարդակի հետ մեկտեղ, եւ
զ) կայուն ակվակուլտուրաների վերաբերյալ օրենսդրությանն առնչվող փորձի՝ ինստիտուցիոնալ մակարդակով փոխանակումը եւ դրա գործնական կիրառումը բնական ավազաններում ու արհեստական լճերում։

ՀՈԴՎԱԾ 75
Հաշվի առնելով ձկնարդյունաբերության, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում իրենց համագործակցությունը եւ ծովային հարցերին առնչվող այլ քաղաքականություններ՝ Կողմերը պետք է նաեւ համագործակցեն եւ անհրաժեշտության դեպքում՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերեն ծովագնացության հարցերի մասով՝ մասնավորապես տարածաշրջանային եւ միջազգային համապատասխան ֆորումներում ակտիվ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով ծովագնացության հիմնահարցերին եւ պատշաճ կառավարմանը։

ԳԼՈՒԽ 12
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 76
Կողմերը պետք է զարգացնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը հանքային արդյունաբերության եւ հումքի արտադրության ոլորտներում՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ըմբռնումը, գործարար միջավայրի բարելավումը, տեղեկությունների փոխանակումը եւ էներգետիկ ոլորտին չառնչվող այնպիսի հարցերի շուրջ համագործակցությունը, որոնք անդրադառնում են մասնավորապես մետաղական հանքաքարերի եւ արդյունաբերական նշանակության հանքանյութերի արդյունահանմանը։
Շարունակելի…




Լրահոս