Արտախորհրդարանական ուժերը՝ Արմեն Սարգսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջադրել է ՀՀ նախագահի պաշտոնում, պատրաստակամություն է հայտնել հանդիպել հասարական-քաղաքական լայն շերտերի, այդ թվում արտախորհդարանական քաղաքական ուժերի հետ:
Առայժմ, սակայն, արտախորհրդարանական կուսակցությունները դեռ չեն որոշել` արդյո՞ք կընդունեն Արմեն Սարգսյանի` հանդիպման առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իրենք այդ հարցը կքննարկեն առաջարկ ստանալուց հետո նոր միայն: «Քանի դեռ առաջարկ չկա, այդ հարցը չի քննարկվի, իմաստ չկա քննարկելու»,- ասաց նա: Իսկ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը որքանո՞վ կարող է գործել իր լիազորությունների շրջանակներում, նա նշեց. «Խնդիրը համակարգային է, այստեղ անձերի հարց չկա, մենք ունենք լավ օրինակ` պարոն Արա Բաբլոյանը, ըստ էության նույն շրջանակի մարդ է, ի՞նչ կարողացավ փոխել»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ ընդգծեց, որ թեկնածուների հանդիպումները առհասարակ նորմալ, ժողովրդավարական պրակտիկա է, եւ իրենք էլ որեւէ խնդիր չեն տեսնում: «Միշտ էլ պատրաստ ենք եղել լսելու թե՛ թեկնածուներին, թե՛ առաջ քաշված հարցերը եւ, բնականաբար, մեր մոտեցումներն էլ ասում ենք միշտ, կասենք նաեւ հանդիպման ընթացքում, եթե այդպիսին լինի: Իհարկե, առաջարկի դեպքում կքննարկենք մասնակցության հարցը»: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե նման հարց կուսակցությունում չի քննարկվել, կարող է քննարկվել միայն պաշտոնական առաջարկից հետո, իսկ քանի որ առաջարկ չկա, քննարկում էլ չկա: «Սերժ Սարգսյանի ստեղծած քաղաքական համակարգում Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը լինելու է նրա խամաճիկը»,- ասել է նա:

Այս հարցը դեռ չի քննարկել նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` նախկին ՕԵԿ-ը, որ մինչեւ 2013 թվականը ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի կազմում էր: Այս կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանի խոսքերով` իրենք դեռ որեւէ դիրքորոշում չունեն, եւ հարցին կանդրադառնան փետրվարին կայանալիք նիստում:

Ռուբեն Բանուչյան




Լրահոս