ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՀՅԴ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն առիթը բաց չի թողնում` կառավարության նիստերին դաշնակցական նախարարներին դիտողություններ անելու համար. հերթական միջադեպը երեկ էր, իսկ թիրախում հերթական անգամ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր: «Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որեւէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարո՛ն Մինասյան, հստակ ձեւակերպե՛ք»,-ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը Կարեն Կարապետյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ լարված հարաբերություններին անդրադառնալու առիթներ ունեցել է: Սակայն վերջին ամիսներին կարծես թե իրավիճակը մեղմվել էր, եւ Կարապետյան-Մինասյան բանավեճերը, որոնք ավելի շատ մեղադրական շեշտադրումներով էին հագեցած, դադարել էին: Մինչդեռ երեկ կրկին ականատես եղանք նույն պատմությանը: Չի բացառվում, որ սա Կարեն Կարապետյանի պատասխանն էր օրերս ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ համատեղ նիստում ընդունված հայտարարությանը, որտեղ կոալիցիոն դաշնակցականները քննադատել էին նաեւ երկրի տնտեսական քաղաքականությունը: Եւ հիմա այս քայլով Կարապետյանը փորձում է ցույց տալ, որ ՀՅԴ-ական նախարարներն էլ իրենց հերթին են վատ աշխատում, եւ որ միայն ՀՀԿ-ն չէ ստեղծված իրավիճակի պատասխանատուն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ներսում խիստ բացասաբար են ընդունել Երեւանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը: Ավելին՝ ՀՀԿ-ականներից ոմանք զայրացած են հենց Տարոն Մարգարյանի վրա` նշելով, որ «դեմներն առեք, շուտ» հրահանգով նա սադրեց միջադեպը, նպաստեց կրքերի լարմանը: Պատահական չէ, որ երկու օր է՝ ՀՀԿ-ականները չեն փորձում արդարացնել Մարգարյանին, ինչպես նախկինում անում էին: Ավելին` ՀՀԿ ԳՄ անդամներից Սամվել Ֆարմանյանն ասել է, թե բռնության փորձերն անընդունելի են, հատկապես քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից: Երեկ միջադեպը քննարկվել է նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի գիշերային նիստում: Դարձյալ Տարոն Մարգարյանին արդարացնողները քիչ են եղել: Միայն ասվել է, որ անթույլատրելի էր կոյուղաջուրը ավագանիների վրա շաղ տալը: Բայց մյուս կողմից էլ եթե Արթուր Գեւորգյանն ու Սուրեն Ներսիսյանը չթափահարեին Մարինա Խաչատրյանի ձեռքը, դժվար թե իրավիճակն այդ աստիճան լարվեր:

 

 

Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Կարո Գուլոյանին: Պատճառը 2017թ. հունիսի 8-ին քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ միջադեպն էր: Հիշեցնենք` 16-ամյա Ռ. Դանիելյանը վերցրել էր հոր ծառայողական մեքենան, վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով` մահացել էր: Հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ դատախազ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է. «Իմ կողմից` որպես մարզի դատախազի, Կոտայքի մարզպետին ներկայացվել է միջնորդագիր` Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաեւ հիշյալ հանգամանքը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ` հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»:

 

 

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է, որ իրենք մշակել են զարգացման երկարամյա ծրագիր, աշխատում ենք խոշոր միջազգային կառույցների հետ: Ինչ վերաբերում է հիվանդանոցային ոլորտում առկա կատաղի մրցակցությանը, նա նշել է. «Յուրաքանչյուր մրցակցություն, որ կազմակերպվելու է պարզ, շիտակ, ազնիվ պայմաններում, մեզ համար գրավիչ է։ Մնացած բոլոր տեսակի փոխհարաբերությունները անընդունելի են, եւ մենք մեզ տեսնում ենք ոչ թե մրցակցության մեջ` ներերկրային խնդիրները լուծելիս, այլ նաեւ միջազգային ասպարեզում։ Եվ մեր ուսանողները պետք է տեսնեն, որ այստեղ իրենց սովորած տարիներին ձեռք բերած կրթությունը կարող են կիրառել յուրաքանչյուր զարգացած երկրում»։

 

 

ԴԵԺԱՎՅՈՒ
Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել է, թե երկրում առկա խնդիրների ցանկը բավական մեծ է: «Այսօր հսկայական խնդիրներ կան` տնտեսության զարգացման, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ձեւավորման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության հաստատման, աղքատության վերացման հետ կապված»,- ասել է նա: Սարգսյանը նաեւ նշել է, թե «մեր ազգը եւ ժողովուրդը շատ է մասնատված ու բաժանված», ապա հավելել. «Մեր երկրում բոլոր կազմակերպությունները, կառույցները, կուսակցությունները ԱԺ-ում, ԱԺ-ից դուրս պետք է սկսեն երկխոսությունը, հակառակ դեպքում մեր հասարակությունը կմնա, կդառնա ավելի մասնատված»: Նկատենք, սակայն, Արմեն Սարգսյանի պահվածքը մի տեսակ դեժավյու է առաջացնում: Երբ Մոսկվայից հրավիրված Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, խորհրդարանում առաջին իսկ հարցուպատասխանի ժամանակ անկեղծացել էր, թե տնտեսության վիճակը ծանր է, չափազանց ծանր, հետո նա խոսել էր պրիմիտիվ գողություններին վերջ տալու մասին եւ այսպես շարունակ: Միամիտները համոզված էին` իշխանության մեջ նոր մարդու հայտնվելով որակական փոփոխություններ տեղի կունենան: Բայց ոչ, այդպես չեղավ: Ընդհակառակը, Կարեն Կարապետյանն անդամակցեց այն կուսակցությանը, որն իշխանավարման այս տարիների ընթացքում տնտեսությունը «ծանր, չափազանց ծանր» վիճակի էր հասցրել: Դեռ ավելին` Կարապետյանն ԱԺ ընտրություններում իր ուսերին վերցրեց ՀՀԿ-ի դեմքը փրկելու, իսկ իրականում` թաքցնելու առաքելությունը, իր հերթին մասնակից դառնալով ապօրինություններին:
Հիմա նման իրավիճակի առաջ կանգնած է նաեւ Արմեն Սարգսյանը: Ճիշտ է` նոր Սահմանադրությամբ երկրի նախագահը պետք է լինի անկուսակցական, այսինքն` Սարգսյանը չի անդամակցի ՀՀԿ-ին: Բայց լինելով նախագահ` նա մաս է կազմելու ոչ լեգիտիմ իշխանության` դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Մասնատված ու բաժանված ժողովրդին միավորելու նրա ցանկությունները եւս նոր չեն. 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո էլ Սերժ Սարգսյանն էր խոսում անհասկացվածության պատը քանդելու մասին, հետո մի քանի անգամ փորձում էր ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել: Բայց արի ու տես, որ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին ոչ միայն չհաջողվեց քանդել անհասկացվածության պատը, այլեւ ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի խորացավ իշխանության եւ հասարակության մեջ անջրպեդը:
Այնպես որ, հազիվ թե Արմեն Սարգսյանին հաջողվի իրականացնել ակնկալիքները, հատկապես, որ նա ի պաշտոնե ունենալու է սիմվոլիկ լիազորություններ:




Լրահոս