Ուսուցիչներն ու բուժաշխատողները այլևս չեն կարողանա ի պաշտոնե նախընտրական քարոզչություն իրականացնել. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը կարևորում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը սահմանափակող օրենքի նախագծի ընդունումը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախորդ ընտրությունների ընթացքում հանրության բարձրացրած մտահոգությունների փարատմամբ:

«Ես հիմա կանդրադառնամ նախընտրական քարոզչության վերաբերյալ հարցերին: Նախ` ինչո՞վ է պայմանավորված, որ այս նախագծով ուսուցիչներին, բուժաշխատողներին մենք որոշակի սահմանափակման մեջ ենք դիտարկում, իսկ դատախազին, դատավորին, ոստիկանին և այլ սուբյեկտներին բացարձակ արգելքի դաշտ ենք մտցրել: Երկու կարևոր պատճառ կա դրա համար: Եթե ուշադրություն դարձնեք, այն սահմանափակումներում, որոնք արդեն կիրառելի են ուսուցիչների և բուժաշխատողների նկատմամբ, կարևոր փոփոխություն է մտցվել, որը նախկինում չկար:

Նախկին կարգավորումները հետևյալն էին, որ որոշակի սուբյեկտներ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել: Այո, շատ ժամանակ մեր հասարակության մեջ միշտ հարց էր առաջանում` ո՞րն է այդ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածը` աշխատանքի ընթացքո՞ւմ, թե՞ դրանից հետո: Դրա համար մենք ավելացրել ենք շատ կարևոր մի դրույթ` նախընտրական քարոզչություն չի կարող իրականացնել ի պաշտոնե հանդես գալու ժամանակ: Ի պաշտոնե ուսուցիչը, բուժաշխատողը չեն կարող նախընտրական քարոզչություն իրականացնել ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, այլև անգամ դրանից դուրս ի պաշտոնե հանդես գալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորը նաև պարզաբանեց, թե ինչու են ուսուցչի ու բուժաշխատողի համար նախընտրական քարոզչություն իրականացնելու մասնակի սահմանափակումներ ներառվում, իսկ քննիչի, դատավորի, դատախազի և ոստիկանի համար բացարձակ սահմանափակում նախատեսվում: Նրա խոսքով` հատուկ ծառայություն իրականացնող սուբյեկտները պետք է զերծ մնան նախընտրական քարոզչությունից և քաղաքական գործունեությունից: «Իսկ այն հանրային ծառայողները, ովքեր հատուկ ծառայություն իրականացնող սուբյեկտ չեն, նրանք, իհարկե, իրավասու են: Հակառակ դեպքում մեր հանրության առնվազն 30-40 տոկոսը ընդհանրապես պետք է նախընտրական քարոզչության մեջ ներգրավված չլինի, ինչն անընդունելի է:

Դրա համար մենք որդեգրել ենք երկու կարևոր սկզբունք: Սկզբունք համար առաջին` բացարձակ արգելք է սահմանվում հատուկ ծառայություն իրականացնող սուբյեկտների համար, սկզբունք երկրորդ` հանրային այլ ծառայողները իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակահատվածում և ի պաշտոնե հանդես գալիս ցանկացած իրավահարաբերությունների մեջ: Օրինակ, եթե դպրոցի տնօրենը զանգում է ձեզ և ասում է` ես ձեր որդու տնօրենն եմ, խնդրում եմ եկեք դպրոց, ես ձեզ հետ խոսելու բան ունեմ, դա արդեն նշանակում է, որ նա ի պաշտոնե է հանդես գալիս: Եվ եթե դուք գտնում եք, որ տնօրենը զանգել է ձեզ և ի պաշտոնե է հանդես եկել, դուք կարող եք գնալ բողոքել, և նա կստանա իր պատիժը, որովհետև ինքը ֆորմալ օրենքով օրենք է խախտել: Եթե տնօրենին համարում եք ձեր բարեկամ, հարազատ, ընկեր, մտերիմ, այդ դեպքում դուք որոշեք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:




Լրահոս