Այս տարվա հինգ ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է եւ չի վերադարձել 3054 մարդ։ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիսին մեկնել է 448 հազար 626 մարդ եւ ժամանել` 447 հազար 500-ը։ Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը` 1126 մարդ։
Իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում մեկնել է 30 հազար 639 եւ վերադարձել` 28 հազար 711 մարդ, բացասական մնացորդը` 1928 հոգի։ Ասել է թե` այս տարվա հինգ ամիսներին միայն օդային ճանապարհով միգրացիան 3 հազար 54 հոգի է կազմել: Մեկ փաստ էլ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով, եւ արտագաղթի ամբողջական ծավալների մասին կարելի է պատկերացում կազմել, երբ հրապարակվեն ընդհանուր ցուցանիշները: