ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսենսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աշխատանքային խմբի հետագա աշխատանքների համակարգմանը վերաբերող կազմակերպչական եւ տեխնիկական մի շարք հարցեր:
Հստակեցնելով ստեղծված Աշխատանքային խմբի նպատակները՝ փաստվել է, որ սպասվող բարեփոխումների շուրջ անհրաժեշտ է հասնել քաղաքական կոնսենսուսի, ինչն էլ պետք է երաշխավորի ընտրական լավագույն համակարգ ունենալու ցանկությունը:
ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ՀՀ կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված եւ փոխգործակցությամբ: Այս առնչությամբ Աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով, որ Կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ:
Որոշվել է, որ մինչեւ առաջին նիստն Աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ այդ աշխատանքներում արտահախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության ու նրանց հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Արա Բաբլոյանն առաջարկել է Աշխատանքային խմբի աշխատանքները համակարգել եւ սպասվող նիստերը վարել ռոտացիոն սկզբունքով: Առաջարկն ընդունվել է:
Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու 2018 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու է Աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: