Ընտրությունները տեղի կունենան առավելագույնը 11 ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի եւ օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում: Անդրադարձ է եղել նախընտրական քարոզչության կարգավորումներին վերաբերող հարցերին:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ խոսք է գնացել այն մասին, որ պետք է ունենալ երկու մաքուր համամասնական ընտրակարգ եւ, այսպես ասած, խառը: «Այսինքն` մեկ համամասնական ցուցակում քաղաքացիները կարող են վերադասավորումներ անել իրենց քվեներով: Սրանք վարկածներ են, դեռեւս որոշում չկա»,- նշել էր նա: Առաջին փոխվարչապետը շեշտել է նաեւ, որ բարեփոխված ԸՕ-ն անպայման ներկայացվելու է Վենետիկի հանձնաժողով: Նկատենք, սակայն, որ լուրջ մտահոգություններ կան, որ ԸՕ-ն Վենետիկի հանձնաժողով ներկայացնելն ամենաշատը ձեռնտու է ՀՀԿ-ականներին, քանի որ նրանք ցանկանում են արտահերթ ընտրությունները որքան հնարավոր է՝ ուշ անցկացվեն: եւ այդ հարցում Վենետիկի հանձնաժողով դիմելը կարող է օգնել, քանի որ մինչեւ այնտեղից ստացվի ԸՕ-ի մասին կարծիքը, մինչեւ ԱԺ-ն ընդունի նախագիծը, մինչեւ անցկացվեն ընտրությունները, ահագին ժամանակ կանցնի, եւ այդ ընթացքում նոր կառավարությունը միգուցե վարկանիշի անկում ունենա:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքը ստանձնած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց, որ առաջիկայում փաստաթուղթը ներկայացվելու է Վենետիկ, սակայն առայժմ հստակ ժամկետների մասին խոսելը մի փոքր բարդ է: «Երբ խորհրդարանական բոլոր ուժերի հետ քննարկումներն ավարտվեն, եւ նախագիծը պատրաստ լինի, նախապես կասվի այն մասին, որ ներկայացվում է Վենետիկի հանձնաժողով: Մենք առանց նախապես հասարակությանն իրազեկելու դա չենք անի»,-ասաց Իոաննիսյանը: «Ծառուկյան» դաշինքը նույնպես համամիտ է, որ ԸՕ-ն պետք է ներկայացվի Վենետիկի հանձնաժողով:

Այդ մասին նշել է խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Իսկ առայժմ, ինչպես հայտնի է, օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին մասնակցել են գործադիր իշխանության, ԿԸՀ եւ քաղհասարակության ներկայացուցիչները: Իոաննիսյանը նշեց նաեւ, որ կուսակցությունների հետ քննարկումները հավանաբար կսկսվեն հուլիսի սկզբին:

«Եթե հաշվի առնենք, որ առավելագույնը 11 ամիս անց ընտրությունները տեղի կունենան, (կառավարության ծրագրում նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 1 տարվա ընթացքում), պետք է մինչեւ այդ Ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի, որպեսզի բոլորի համար պարզ լինեն խաղի կանոնները»,-շեշտեց Դանիել Իոաննիսյանը:

Իսկ մինչեւ այդ կուսակցությունները դեռեւս պետք է իրենց առաջարկները ներկայացնեն քննարկումների ժամանակ: Կարեւորագույն հարցերից մեկը վերաբերում է վարկանշային ընտրակարգի վերացմանը: Երեկ տեղի ունեցած քննարկմանն այս հարցին դեռեւս անդրադարձ չի եղել:




Լրահոս