ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԵՐԿՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՏԵՍԱԵՐԻԶՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը` հայտարարելով, որ այդ գործի առնչությամբ երկու կարեւոր տեսաերիզներ կան, որոնք հավանաբար պահպանվում են վերջերս ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: «Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդհատ խոսվում էր, եւ խնդիրը գնում է 2 տեսաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին հեռուստապետկոմի Ալեքսան Հարությունյանի՝ ՊՆ-ում եղած ժամանակ կիսասթափ վիճակում արված հայտարարություններին, որի տեսաերիզը վստահ եմ` Մանվել Գրիգորյանն ունի, քանի որ այդ ժամանակ ինքն էր հիմնականում ամեն ինչի պատասխանատուն, եւ հենց իր հրահանգով է այդ տեսանյութն արվել։ Ես էլ եմ հարցնում՝ արդյոք գտաք, թե ոչ, այդ տեսաերիզը կա, թե ոչ եւ եթե կա, ապա որպես տուժողի իրավահաջորդ ես էլ կցանկանայի այդ տեսաերիզը տեսնել։ Կա նաեւ երկրորդ տեսաերիզի մասին տեղեկությունը, որը գերկարեւոր է։ Այդ տեսաերիզը կարող է բացել փակված կծիկը. դա Ռոբերտ Քոչարյանի եւ գլխավոր ոճրագործի հանդիպումն է։ Ասել, որ նման տեսագրություն չկա, մեյմունություն է, որովհետեւ այդտեղ է եղել ռազմական ոստիկանությունը, հեռուստապետկոմը։ Ընդ որում` ինձ տեղեկություն է հասել, որ տեսաերիզը ոչ թե երկու, այլ երեք օրինակ է։ Այդ տեսաերիզում այդ հանդիպման ժամանակ եղել է ուղիղ խոսակցություն, եւ ոճրագործն իր ձեռքին ուներ թուղթ, որով պետք է իրեն վարչապետ նշանակեին։ Ամենայն հավանականությամբ հենց այդտեղ է գնացել խոսակցությունը՝ արել եմ, նշանակի»,- ասել է Արամ Սարգսյանը: Միաժամանակ, նա նշել է, թե հոկտեմբերի 27-ի հետ կապված գաղտնիքների բացահայտման ժամանակը հեղափոխության շրջանը չէ։ Բայց եւ նա հույս ունի, որ բազմաթիվ գործընթացներ կան թավշյա հեղափոխությունից, որոնք կարող են հոկտեմբերի 27-ի բացահայտման նոր հանգամանքեր հանդիսանալ, որից ելնելով՝ գործը վերաբացվի։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը փորձել է հերքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: «Իմ մասով կարող եմ ասել, որ նման զանգեր, նման հրահանգներ ես ինքս չեմ ստացել, ես ինքս չեմ ընդունել, եւ եթե դատավորը իր էության, իր ներսում ունի անկախություն, այսինքն նա սովոր է անկախ գործել եւ սովոր է իր անկախ գործողությունների պատասխանատուն լինել, անկախ նրանից` որեւէ զանգ կլինի, անկախ նրանից` որեւէ զանգ չի լինի, մեկ է, այդ դատավորը սովոր է աշխատելուն` անկախ օրենքին եւ իր ներքին համոզմունքին համահունչ»,- ասել է նա: Մյուս կողմից, սակայն, Խունդկարյանը նշել է. «Եթե վարչապետը ասել է ինֆորմացիաներ ունի, իրեն ինֆորմացիաներ են հասել, ուրեմն ինչ-որ բազա ունի, փաստական հիմք ունի, բայց իմ մասով, եթե հարցնում եք, ես նման նեղսրտություն չեմ ներկայացրել որեւէ տեղ, որեւէ ատյանում»:

 

 

 

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի դրության մեջ: Նրա հովանավորը` Սյունիքի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանը, պաշտոնանկ արվեց: Ու հիմա երիտասարդ քաղաքապետը մնացել է առանց «տանիքի»: Այս օրերին նա ելքեր է փնտրում իր պաշտոնը պահելու համար, առավել եւս, երբ քաղաքապետարանում հնարավոր են ստուգումներ, քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող փաստերի բացահայտում: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Առուշանյանին հազիվ թե հաջողվի նոր «տանիք» գտնել, այնպես որ չի բացառվում` առաջիկայում լսենք նաեւ նրա հրաժարականի մասին: Բայց սա նրան չի խանգարում մեծացնելու իր ունեցվածքը: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` 27-ամյա քաղաքապետն անցած տարում 19 մլն դրամով գնել է արտադրական նշանակության շինություն, ունի 251 մլն դրամ, 410 հազար դոլար, 115 հազար եվրո, եւ այս ամենը մոտ 277 հազար դրամ աշխատավարձով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը` պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերնագրով հրապարակումից հետո ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր էին նախապատրաստվել, սակայն արդեն 2018 թվականի հունիսի 18-ին քննիչը որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Բայց արի ու տես, որ պատմությունն այսքանով չի ավարտվել. զինվորական դատախազությունում համամիտ չեն եղել ու իրավական գործընթաց են սկսել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազի որոշմամբ` վերացվել է քննիչի որոշումը, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Հետաքրքիր է` դատախազության այս որոշումից հետո ի՞նչ ընթացք կստանա քրեական գործը:

 

 

 

ԿՐԿԵՍԱՅԻՆ ՇՈՈՒՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնանկության հարցը կարելի է համարել լուծված. թեեւ նա պաշտոնապես դեռ հրաժարականի դիմում չի ներկայացրել, բայց փաստացի դադարել է լինել քաղաքապետ: Արդեն մի քանի օր է՝ չի ներկայանում աշխատանքի, անգամ բացակայում էր երեկվա ավագանու նիստից, պաշտոնական պատճառաբանությունը վատառողջ լինելն է: Բայց եթե հաշվի առնենք վերջին օրերի իրադարձությունները` կոռուպցիոն պատմությունների բացահայտում, միաժամանակ նաեւ փաստը, որ այդ ամենով զբաղվում են իրավապահները, պարզ է ամեն ինչ: Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, նախօրեի երեկոյան անդրադառնալով քաղաքապետի հրաժարականի պահանջով վերսկսված բողոքի ցույցերին, ասել է, թե Մարգարյանի վերաբերյալ փաստերն առանց քննության չեն մնալու, խոսել է «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ հարուցված քրեական գործից ու այդքանից հետո կոչ արել դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները: «Մենք եկել ենք իշխանության, որ նորից գնանք փողոցներում կանգնե՞նք։ Ես էլի կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները»,- ասել է նա։
Թվում է` ամեն ինչ ասված է պարզ ու հասկանալի: Եւ տրամաբանությունը ենթադրում է, որ այսքանից հետո պետք է դադարեցվեին անհնազանդության ակցիաները` թույլ տալով իրավապահներին զբաղվելու իրենց գործով, հատկապես, երբ վերջին մեկ ամիսը ցույց տվեց՝ իրավապահները հերթով բացահայտում են կոռուպցիոն երեւույթները` բերման ենթարկելով ու ձերբակալելով անգամ մինչ այս անձեռնմխելի թվացող անձանց, ուստի պետք է վստահել նոր կառավարությանը: Սա ոչ միայն քաղաքապետի հետ կապված, այլեւ ընդհանրապես:
Բայց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ու նրա երկու անդամների ոչ ադեկվատ պահվածքն ու գործողությունները միանգամայն այլ եզրակացությունների հիմք են տալիս: ԵԾ երեք հոգանոց խմբակցությունը որոշել է էժանագին շոուներ կազմակերպել, տպավորություն ստեղծել, թե իրենք են Մարգարյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնողը, եւ երեկ ավագանու նիստում փորձում էին այս հարցով հերթական անգամ անիմաստ աղմուկ բարձրացնել: Իսկապես սիրուն չէ: Առավել եւս, երբ արդեն պարզ է՝ այդ պաշտոնանկությունը փաստացի տեղի է ունեցել, եւ սա՝ անկախ Փոստանջյանի ու իր մի քանի հոգանոց կողմնակիցների կամքից:
Իսկ Զարուհի Փոստանջյանն այս իրավիճակում ճիշտ կաներ, եթե ավագանու նիստում կրկես հիշեցնող տեսարանների փոխարեն լծվեր մայրաքաղաքի խնդիրների լուծմանը: Դրանից կշահեր ե՛ւ ինքը, ե՛ւ մայրաքաղաքը:




Լրահոս