Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄՈՏ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ 2 ՏԵՍԱԵՐԻԶ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

-Պարո՛ն Սարգսյան, Ձեզ համար որքանով էր զարմանալի Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ այսպիսի բացահայտումը։
-Ես, անկեղծ ասած, չէի ուզում հավատալ եւ, անկեղծ ասած, մինչեւ տեսանյութը երբ վարչապետը հրապարակեց, շատ խիստ զայրացած էի, որ էս ինչ է արվում, այս կարգի մեղադրանք դնել, ոչնչացնել։ Բայց երբ այդ կադրերը ցույց տվեցին, ասեմ, որ լռացնելու, խոսելու, ասելու որեւէ բան չկար։ Իհարկե, անսպասելի էր այս ամենը։
-Օրեցօր նոր բացահայտումներ են լինում, եւ, փաստորեն, ընտանիքի անդամներն են ներգրավված այս ամենում։
-Ես հասկանում եմ այն մեխանիզմը՝ ինչպես է այդ եկել, հավաքվել այդտեղ։ Ես այնքան էլ այդ հարթության մեջ չեմ նայում՝ ընտանիքի անդամ է, թե ոչ։ Այն, ինչ հատկացված է զինվորին, հայտնվել է ինչ-որ մեկի պահեստում։ Եվ երբ հաշվում ես այդ պահածոները, 7 մլն դրամ է կազմում։ Ես կարող եմ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ տալ, որոնց ունեցվածքը մլրդ-ից ավել է։ Ընդհանրապես բանակից ամեն գողացած դրամը պահածո է, զինվորի ուտելիք է, շապիկ է, ուղղակի սա վիզուալ, տեսանելի էր, եւ հանրությունը դրանից ոգեւորվեց։
-Բայց ինչպե՞ս կարող էր այդ ամենը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ, եւ որքանո՞վ մեղավորություն ունեն իշխանությունները, պատկան մարմինները։
-Թե ինչպես զինվորի ուտելիքը կարող էր գալ, այդ մեխանիզմը շատ պարզ է։ Երկրապահները երբ գնացել են այնտեղ, փոխարինել են զինվորներին։ Պետությունը համապատասխան մարդու քանակով է ուտելիք իջեցնում, այդ ազատամարտիկի համար դեռ չի իջեցրել, հետեւաբար այդ մարդկանց համար պետք է օգնությունից ուղարկեին ՊՆ-ում եղած պահեստային ուտելիքը եւ դա տվել են։ Մեխանիզմն այսպես է եղել, այլ մարդիկ ուտելիք բերել են, դա ոչ ոք չի կերել, հավաքվել է Հորադիզի իրենց տանը, իրենք էլ հետ գալուց հետո ասել են՝ բարձեք, բերեք այստեղ։ Այստեղ այն խնդիրն է, որ բերվել է, որ կերակրեն կենդանիներին, եւ եթե այդ հիմավորումը հաստատվում է, սա արդեն լրիվ ուրիշ բան է։ Էականն այն է, որ զինվորի համար նախատեսված ապրանքը հայտնվել է անհատ մարդու նկուղում, որը իր գրաված դիրքով, իր անցած ճանապարհով ամեն ինչ պետք է աներ բանակի համար։ Այստեղ է հիմնական հակադրությունն ու ողբերգությունը։ Երբ ինչ-որ պահեստապետն է այդպես վարվում, հանրությունը դրանից չի զայրանում, բայց երբ սխրանք գործած մարդն է դա անում, արդեն խնդիր է առաջացնում։ Մարդը պատերազմի փորձությանը դիմացել է, այնտեղ սխրանք է գործել, բայց այստեղ ինքը չդիմացավ։
-Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո բոլորը սկսեցին բարձրաձայնել հոկտեմբերի 27-ի հետ կապված տեսանյութերի հարցը՝ ասելով, թե հիմք է ստեղծվում դեպքերը բացահայտելու համար։
-Բազմաթիվ գործընթացներ կան թավշյա հեղափոխությունից, որոնք կարող են հոկտեմբերի 27-ի բացահայտման նոր հանգամանքեր հանդիսանալ, որից ելնելով գործը վերաբացվի։ Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդհատ խոսվում էր, եւ խնդիրը գնում է 2 տեսաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին հեռուստապետկոմի Ալեքսան Հարությունյանի՝ պաշտպանության նախարարությունում եղած ժամանակ կիսասթափ վիճակում արված հայտարարություններին, որի տեսաերիզը վստահ եմ` Մանվել Գրիգորյանն ունի, քանի որ այդ ժամանակ ինքն էր հիմնականում ամեն ինչի պատասխանատուն եւ հենց իր հրահանգով է այդ տեսանյութն արվել։ Ես էլ եմ հարցնում՝ արդյոք գտաք, թե ոչ, այդ տեսաերիզը կա, թե ոչ եւ , եթե կա, ապա որպես տուժողի իրավահաջորդ ես էլ կցանկանայի այդ տեսաերիզը տեսնել։
Կա նաեւ երկրորդ տեսաերիզի մասին տեղեկությունը, որը գերկարեւոր է։ Այդ տեսաերիզը կարող է բացել փակված կծիկը, դա Ռոբերտ Քոչարյանի եւ գլխավոր ոճրագործի հանդիպումն է։ Ասել, որ նման տեսագրություն չկա, մեյմունություն է, որովհետեւ այդտեղ է եղել ռազմական ոստիկանությունը, հեռուստապետկոմը։ Ընդ որում` ինձ տեղեկություն է հասել, որ տեսաերիզը ոչ թե երկու, այլ երեք օրինակ է։ Այդ տեսաերիզում այդ հանդիպման ժամանակ եղել է ուղիղ խոսակցություն, եւ ոճրագործն իր ձեռքին ուներ թուղթ, որ պետք է իրեն վարչապետ նշանակեին։ Ամենայն հավանականությամբ հենց այդտեղ է գնացել խոսակցությունը՝ արել եմ, նշանակի։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը չի կարող նշանակել այո, եւ բանակցողի հետ կարող էր ամեն ինչ ասել, բայց դրա գաղտնի պահելը կասկած առաջացրեց նաեւ ինձ մոտ։ Կամ դատական պրոցեսի ժամանակ 120 վկայի չհարցաքննեցին, գործն արագ փակեցին, ինչու՞։
-Հասարակությունը սպասում է նաեւ բացահայտումներ` մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Ի՞նչ գործընթացներ պետք է լինեն։
-Հոկտեմբերի 27-ի հետ կապված գաղտնիքների բացահայտման ժամանակը հեղափոխության շրջանը չէ։ Այդ ավելի հանգիստ, խաղաղ ժամանակների խնդիր է, ինքը բարդ պրոցես է, կասկածները շատ-շատ են, իսկ անմեղ մարդուն պատժելը լուրջ մեղք է։ Երբ դու էլ առանց խորանալու հեղափոխության արդյունքում տաք գլխով մարդուն մեղադրում ես, նույնքան մեղք է։ Մարտի 1-ի խնդիրն այլ հարթություն է, մեջբերեմ դասականին՝ ուչաստկովի խնդիր է։ Երբ դու գտար այդ մարդուն, ով կրակել է, նա կասի` ով է հրաման տվել, ոչ մեկը չի վերցնի իր վրա։ Հիմա, եթե մարտի 1-ի գործով բանը հասնի բացահայտումներին, ոչ ոք չի պաշտպանի ինչ-որ մեկին։ Այդ գործում, եթե ուզում ես բացահայտես, եթե խնդիր ես դնում, շատ կարճ ժամանակում, բացայտվող հարց է։ Մենք ուշացնում ենք, խնդիրը դնել է պետք եւ այդ ուղղությամբ քայլեր է անել պետք։
-Պարո՛ն Սարգսյան, այս օրերին շատ է խոսվում ԵԿՄ-ի ապագայի մասին, եւ շատերը հենց Ձեզ են տեսնում այս կառույցի նախագահի պաշտոնում։ Նման առաջարկ Ձեզ արվե՞լ է։
-Վերջին երեք օրերին բազմաթիվ պատվիրակություններ են եկել՝ շրջանային եւ մարզային մակարդակներով, որոնք ուղղակի պարտադրանք են դնում իմ վրա, որ դու պարտավոր ես դառնալ ԵԿՄ նախագահ, որ դու այլընտրանք չունես։ Ինձ դեժավյու է հիշեցնում, 1997 թվականին էլ ինձ այդպես պարտադրեցին դառնալ վարչապետ։ Ես ամեն գնով աշխատելու եմ, որ այդ կառույցը մնա, ես ամեն ինչ անելու եմ, որ այդ կառույցի հեղինակությունը բարձրանա։ Ես այդ առումով կգնամ պաշտպանության նախարարի եւ վարչապետի մոտ իմ պատկերացրած կարեւորությունն իրենց ներկայացնելու։

 

 

 

ՈՎ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում: Երեկ Երեւանի ավագանու վերջին նիստն էր, որը, սակայն, Տարոն Մարգարյանը չէր վարում, այլ առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա քաղաքապետի բացակայությունը բացատրեց առողջական խնդիրներով: Իրականում, սակայն, Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է` աշխատանքի չի գնում:

Ավելին` մեր տեղեկություններով` այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, ովքեր եւս չգիտեն իրենց ապագան: Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ ավագանու ընտրություններին կանդրադառնան միայն դրանից հետո: Սակայն միեւնույն ժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ:
Եվ դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է: Ըստ այդմ` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները: Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու նիստերը երեք անգամ չեն կայանա, որից հետո այն, ՏԻՄ մասին օրենքի համաձայն, ինքնաբերաբար կլուծարվի, եւ կգնան արտահերթ ընտրությունների: Արդեն դրանից հետո քաղաքապետի պաշտոնում երկու անձի անուն է քննարկվում` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան եւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան: Ավելի հավանականը թերեւս Միրզոյանի տարբերակն է, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական են համարում նաեւ «Ելք»-ում եւ առաջիկայում փոփոխություններով դա վերանալու են, եւ ակնհայտ է դառնում Միրզոյանին նոր պաշտոն տալու հարցը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԽԱԲԵ՞Լ ԵՆ
Գործարար Բարսեղ Բեգլարյանի գործերը այնքան էլ լավ չեն: Սերժ Սարգսյանի հետ քավոր սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարարին պատկանող ընկերությունը «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ն հունիսի 26-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ «Ֆորսաժ Ավիա» ՍՊԸ-ից պահանջում է շուրջ մեկ միլիոն դրամ: Ի դեպ, սա միակ ընկերությունը չէ, որ անհարմար վիճակում է գցել Բեգլարյանին: Պարզեցինք, որ «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ն «Կարտինգար» ՍՊԸ-ից էլ պահանջում է կես միլիոն դրամ, իսկ ահա «Լիվր» ՍՊԸ-ից պահանջում է 550 հազար դրամ: Վերջինս էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել:
Մեկ փաստ էլ. երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել «ՖլեշՄոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը. նա կասկածվում է առերեւույթ բռնություն գործադրելով, բռնության սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու մեջ: Ըստ ՔԿ-ի` «ՖլեշՄոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու եւ բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

 

ԱՆՏՈԿՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին` նշեց, որ զինվորականներին անտոկոս վարկ է տրամադրվելու: Բացի այդ, կշարունակվի եւ նոր թափ կստանա «Բնակարաններ` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը եւ կմեկնարկի «Բնակարաններ զինծառայողներին» ծրագիրը: «Բայց նորությունն այն է, որ կունենանք վարկի ցածր տոկոս, 7-7,5 տոկոսանոց հիպոթեքային վարկեր, իսկ զինվորականներինը կլինի անտոկոս: Կանխավճարը զինվորականների դեպքում նախատեսվում է կրճատել մինչեւ 10 տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների դեպքում` այն 30 տոկոսից կիջնի մինչեւ 20 տոկոս»,-նախնական տվյալներն էր ներկայացրել Ն. Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ այս թեմայով վարչապետը նաեւ խորհրդակցություն է անցկացրել: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վարչապետին ներկայացրել է, թե ինչ պայմաններ են նախատեսվում վերոնշյալ վարկերի համար: Այսպիսով, հստակեցվել է` երիտասարդ ընտանիքների համար բնակարանի ձեռքբերման տոկոսադրույքը կնվազեցվի` հասնելով 7-7,5 տոկոսի: Բնակարանի ձեռքբերման կանխավճարը կկազմի 20 տոկոս, վարկի մարման ժամկետը` 30 տարի: Իսկ զինծառայողների պարագայում կանխավճարի նախատեսվող 10 տոկոսը սուբսիդավորելու է Պաշտպանության նախարարությունը: Իսկ ահա վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից:




Լրահոս