ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ` ԱՌԱՆՑ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նաեւ իրավապահ մարմինների ղեկավարները: Վարչապետը նշել է. «Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միեւնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարեւոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որեւէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան»:

Հատկանշական է փաստը, որ դեռեւս ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, որ երկրում ատելության էջը փակված է, եւ վենդետաներ չեն լինելու: Ու հիմա երեկվա խորհրդակցության ժամանակ էլ նա կրկնել է միտքը, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քաղհալածյալներ չպետք է լինեն: Միայն թե վերջին օրերին որոշ շրջանակներ փորձում են շահարկել այն միտքը, թե իշխանության կողմից վենդետա է իրականացվում նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ: Պնդումները, սակայն, ընդամենը ինքնապաշտպանության բնազդի հետեւանք են. ակնհայտ է, որ քսան տարի լինելով իշխանության ղեկին` ՀՀԿ-ականներն այնպես են թաղվել կոռուպցիայի մեջ, որ նրանց հետ կապված ցանկացած ստուգում մեծ բացահայտումների կհանգեցնի, այն էլ շատ դեպքերում շղթայական բացահայտումների: Եւ այս օրերին մենք ականատես ենք լինում հենց նման իրադարձությունների, երբ ձերբակալվում կամ բերման են ենթարկվում անգամ Սերժ Սարգսյանի մերձավորները:
Ինչեւէ, հիմա իրավապահները շարունակում են իրենց գործառույթների շրջանակում տարբեր չարաշահումների բացահայտումը: Եվ վերոնշյալ բոլոր դեպքերը հանրության մի հատվածի կողմից ընկալվում է որպես օրինաչափ եւ իրավաչափ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀԿ-ից պարզել, թե կուսակցությունն արդյոք այս իրադարձությունները որակում է որպես վենդետա, թե այլ տեսակետ ունի: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց. «Բազմաթիվ երեւույթներ են հիմա տեղի ունենում: Եվ վերջնական կարծիք կարելի է հայտնել միայն, երբ ավարտվեն իրավապահների համապատասխան գործողությունները»:
Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց. «Պետք է հնարավորություն տալ ԱԱԾ-ին եւ մյուս իրավապահ մարմիններին իրականացնել իրենց վրա դրված լիազորությունները եւ պետք է հարգել նաեւ անմեղության կանխավարկածը: Պետք է լինի իրավունքի ոտնահարում, որ ես կարողանամ քաղաքական գնահատական տալ: Եթե ես վաղը գողություն անեմ, հեռու ինձնից` մեկին ծեծեմ կամ ինձ մոտ անօրինական զենք գտնեն, եւ ոստիկանությունն իմ ետեւից գա, ես, ինչ է, պետք է կանգնեմ եւ ասեմ, որ դա քաղաքական հետապնդո՞ւմ է իմ հանդեպ: Պետք է նախաքննությունն ավարտվի, իսկ հիմա եթե ես գնահատական տամ, դրանով կխանգարեմ այդ գործընթացին»:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանի` պաշտոնը ստանձնելուց հետո տրված հանձնարարականները` կապված գործարարների բիզնեսների ստուգման հետ, ՀՀԿ-ի կողմից այնքան էլ դրական չէին ընդունվում: Սկզբում ՀՀԿ-ականները սկսեցին ահազանգել պետական ռեպրեսիվ մեքենայի, իբր ՀՀԿականների նկատմամբ ճնշումների մասին: Սա այն բանից հետո, երբ քրեական գործեր էին հարուցվում նաեւ թավշյա հեղափոխության օրերին ՀՀԿ-ականների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու փաստերի առթիվ: Հատկապես փորձ արվեց մեծ աղմուկ բարձրացնել ԱԱԾ-ի կողմից պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելուց հետո: Հիշում եք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումները: Սակայն ՀՀԿ-ականների մոտ տեսակետը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն հրապարակեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտնի տեսագրությունը: Մինչեւ այդ, երբ Գրիգորյանին ձերբակալելու որոշում էր կայացվել, ՀՀԿ-ն հայտարարեց, որ դա պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է: Իսկ ահա տեսանյութի հրապարակումից հետո կուսակցությունը մեկ այլ հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ դա անընդունելի ու զազրելի է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ձերբակալված գեներալ Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի հետ, ով վերջին օրերին պարբերաբար ահազանգում էր իրեն ուղղվող սպառնալիքների մասին: Այս ամենի մեջ, սակայն, փաստաբանը վենդետա չի տեսնում: «Գործն աննախադեպ է իր մոտեցումներով, որովհետեւ երբեք, համենայնդեպս ես չեմ հիշում, որ հանցագործության մեջ կասկածվեն ընտանիքի անդամները, այն էլ համարյա թե ամբողջ կազմով: Վենդետա բառից ես կխուսափեմ: Բայց եթե այսօր այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան լինելն արդեն իսկ պատճառ է հանդիսանում, որ որոշ անհավասարակշռված անձինք, խմբեր սպառնալիքներ հնչեցնեն, ուրեմն ինչ-որ բան նորմալ չի: Ցանկացած դեպքում ոստիկանությունն օպերատիվ աշխատել է, անձը հայտնի է: Եվ ես վստահ եմ, որ մնացած բոլոր նրանք, ովքեր կարող են համացանցում ցեխ շպրտել, հայհոյանք հնչեցնել, Գրիգորյանի տան վրա քար նետել, բոլոր այդ մարդիկ ոստիկանության կողմից հայտնաբերվածի մակարդակին կամ առողջական վիճակին պետք է լինեն, էլի»: Հարցին` այսինքն` ոչ թե կառավարության կողմից է փաստաբանը ճնշում տեսնում, այլ անհատ քաղաքացիների, Մկրտչյանն ասաց. «Մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր փորձում են իրենց Հռոմի պապից ավելի կաթոլիկ դասել: Այստեղ որեւէ ուղղակի միջնորդություն կամ աջակցություն կառավարության կողմից չկա»:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱԺ-Ն ԿԳՆԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Մինչեւ հուլիսի 15-ը կառավարության առաջարկով ԱԺ-ն երկու արտահերթ նիստ կգումարի: Արտահերթ նիստեր անցկացնելու անհրաժեշտությունը կապված է վերջին շրջանում օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք պետք է հաստատվեն խորհրդի կողմից: Նշենք, որ յուրաքանչյուր տարի ընդունված է, որ պատգամավորները հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի կեսն արձակուրդ են մեկնում: Նախորդ տարի դա մեկ ամիս էր` հուլիսի 15-օգոստոսի 15-ը: Մշտապես հենց այդ ժամանակահատվածն է ընտրվում, քանի որ այս ընթացքում հերթական նիստերը վերջացած են լինում, իսկ արտահերթ նիստեր գումարելու հիմքեր էլ չեն լինելու: Թեեւ այս տարի դեռեւս արձակուրդ մեկնելու ժամկետների հետ կապված հստակություն չկա, սակայն չի բացառվում, որ ժամկետները փոփոխվեն: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, եւ գործադիրի կողմից ստեղծված թիմը երեկ իր առաջին քննարկումն է անցկացրել, իսկ խորհրդարանում առաջին քննարկումը կլինի հուլիսի 4-ին: Եվ շատ հավանական է, որ պատգամավորները որոշեն ավարտել ԸՕ շուրջ քննարկումները, այն ընդունել արտահերթ նիստով եւ նոր միայն գնալ արձակուրդ, հակառակ դեպքում արտահերթ նիստ կարող են գումարել միայն արձակուրդից հետո:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել: Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` ԱԱԾ-ում ԱԻՆ-ի մասով այսօր մեկ գործ է քննվում՝ կապված այն բանի հետ, որ մահացած անձանց գրանցել են նախարարությունում որպես աշխատող, եւ ինչ-որ մարդիկ աշխատավարձերը ստացել են: Այդ ամենի շրջանակներում էլ հարցաքննության են հրավիրվում մարդիկ, որոնք ինչ-որ չափով կապ ունեն մահացած անձանց հետ:

 

 

ԱՌԱՆՑ ՕՐԱԿԱՐԳ
Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը, սակայն հետաքրքիր է փաստը, որ մինչ այժմ միայն օրակարգային երկու հարցեր են ընդգրկված, ընդ որում դրանցից մեկն էլ գաղտնի է համարվում: Այդ հարցը ներկայացնելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մյուս հարցը, որը զեկուցվող է, վերաբերում է թմրամիջոցների եւ հոգեմետ միջոցների ցանկը հաստատելուն, որն էլ կներկայացնի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ չեն հրապարակվում կառավարության նիստում քննարկվելիք մյուս հարցերը. չե՞ն կարեւորում այս հարցում հրապարակայնությունն ու օպերատիվությունը, թե վերջնական որոշում դեռ չունեն:

 

 

ՀԱՋՈՐԴԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՀ-ն ստանձնել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահությունն առաջիկա 6 ամիսների ընթացքում: ԱԺ փոխնախագահ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով նստաշրջանը, նշել է, որ վեհաժողովի ժամանակ կարեւոր շեշտադրումներ են եղել: Լիագումար նիստին հայաստանյան պատվիրակության անդամները բարձրաձայնել են Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը եւ շեշտել, որ նման վարքագիծն անթույլատրելի է: Նրա փոխանցմամբ` նոյեմբերին արդեն Երեւանում է տեղի ունենալու վեհաժողովի հերթական նիստը, իսկ հայկական կողմը պատրաստակամ է ընդունել բոլոր մասնակիցներին, այդ թվում` Ադրբեջանին եւ Թուրքիային:

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Նման դիտարկում է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հարցին, թե ինչ կարծիք ունի ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչիսլավ Վոլոդինի հայտարարության մասին, թե «Ադրբեջանը ԼՂ հիմնահարցում մշտապես ունեցել է ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում», արդյոք ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը փոխվե՞լ է, Մ. Զախարովան նշել է, որ ինքը չի կարող հաստատել կամ հերքել ՌԴ պետդումայի նախագահի հայտարարությունը: Նա հորդորել է այդ հարցով դիմել նշյալ կառույցի մամուլի ծառայությանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվի:

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Ըստ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: «Ռազմական հռետորաբանությունն ու սուր ճոճելը անտեղի են, ցավալի է, եթե ոչ անհեթեթ: Ներքին օգտագործման համար նախատեսված լեզուն եւ բանակցային լեզուն անհամապատասխանություն ունեն: Բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտ է ավելի պատասխանատու եւ խելամիտ կողմ լինի»,-շեշտել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «Հակառակորդը պետք է հասկանա` չկա որեւէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չկարողանա ոչնչացնել»:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լեւոն Մինասյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ: Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական: «Վստահեցնում եմ, որ ականջալուր եմ լինելու կինոյի ոլորտում գոյություն ունեցող բոլոր խնդիրներին եւ մտահոգություններին»,-գրել է Րաֆֆի Մովսիսյանը:




Լրահոս