Ո՛Չ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԵԼ Է, Ո՛Չ ՆԵՂՍՐՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության ձախողման, ինչպես նաեւ վարչապետի հայտարարության շուրջ զրուցեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանի հետ:

-Պարո՛ն Խունդկարյան, ՀՀ կառավարության Ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետը ասել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով` անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: Հայաստանում, ըստ էության, գոյություն ունեն դատական համակարգի անկախությունը ապահովող որոշակի օրենսդրական կարգավորումներ, բայց այս պարագայում իրականությունը ավելի հզոր է, քան օրենսդրությունը, եւ մեր առաջ` նոր իշխանության առաջ, գայթակղության մի մեծ քար է դրված` ի՞նչ անել, շարունակե՞լ դատարաններին հրահանգավորելու արատավոր ավանդույթը` դա հիմնավորելով զանազան բարի նպատակներով, թե՞, այնուամենայնիվ, կոնկրետ քայլեր անել դատական համակարգի անկախությունը երաշխավորելու եւ ապահովելու համար: Բաղրամյան 26-ում հայտնվելով` ինքս ինձ որոշում եմ կայացրել չշարունակել այս արատավոր գործելակերպը…:Դուք նեղսրտել, աղերսե՞լ եք վարչապետին ինչ անել:
-Ինքս որեւէ օղակում, որեւէ ատյանում չեմ էլ կարծում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որեւէ դատավոր որեւէ օղակում նեղսրտած լինի` չհասկանալով, թե կոնրետ գործը ինչպես պետք է լուծի:
-Այդ դեպքում վարչապե՞տն է սուտ խոսում:
-Դուք ինձ հարցնում եք իմ մասով, ես իմ մասով պատասխանում եմ, որ ես չեմ նեղսրտել: Եթե վարչապետը ասել է, ինֆորմացիաներ ունի, իրեն ինֆորմացիաներ են հասել, ուրեմն ինչ-որ բազա ունի, փաստական հիմք ունի, բայց իմ մասով, եթե հարցնում եք, ես նման նեղսրտություն չեմ ներկայացրել որեւէ տեղ, որեւէ ատյանում: Դատավորը ինքը յուրաքանչյուր գործ քննելիս ինքն է իր համոզմունքների, իր գաղափարների տերը եւ ինքը պետք է գործին լուծում տա օրենքին եւ իր համոզմունքին համահունչ: Ձեր հարցի պատասխանը սա է, ես չեմ նեղսրտել:
-Լավ, Դուք չեք նեղսրտել, բայց Բաղրամյան 26-ից հրահանգե՞լ են` ինչ լուծում տաք Ձեր վարույթում քննվող գործով:
-Բաղրամյան 26-ից զանգեր, հրահանգներ, որ անընդհատ խոսում եք, ես կտրականապես դեմ եմ Ձեր կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն Ձեր ասելու իրավունքը: Հիմա իմ մասով կարող եմ ասել, որ նման զանգեր, նման հրահանգներ ես ինքս չեմ ստացել, ես ինքս չեմ ընդունել եւ եթե դատավորը իր էության, իր ներսում ունի անկախություն, այսինքն` նա սովոր է անկախ գործել եւ սովոր է իր անկախ գործողությունների պատասխանատուն լինել, անկախ նրանից` որեւէ զանգ կլինի, անկախ նրանից` որեւէ զանգի չի լինի, մեկ է, այդ դատավորը սովոր է աշխատելուն անկախ օրենքին եւ իր ներքին համոզմունքին համահունչ:
-ՀՀ վաճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հեռանալուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը ձախողման է գնացել: 2 փուլով ընտրություն անկացվեց, բայց այդպես էլ 16 դատավորից որեւէ մեկը չստացավ ԲԴԽ-ի հավանությունը, որ ներկայացվեր ԱԺ: Տեղյա՞կ եք` ինչ է կատարվում ԲԴԽ-ի ներսում:
-Ինձ թվում է` անհագիստ կերպով պետք չէ վերաբերվել այս պրոցեսներին, քանի որ այդ խնդիրները իրենց լուծումն են ստանում Հայաստանի հանրապետություն դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով: Այն գործողությունն էլ, որ բազմաթիվ պրոցեսներ են իրականացվում, եւ դեռեւս ընտրություն չկա, խոսում է այն մասին, որ ամեն ինչ անցնում է բաց, թափանցիկ կերպով:
-Թեկնածուներից մեկն էլ դուք էիք, բայց ԲԴԽ Ձեզ ձայն չտվեց, ինչո՞ւ:
-Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա, որ որեւէ դատավոր կար կամ չկար, ուրեմն բացատրեմ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը գործում է 16 դատավոր, եւ 16 դատավորներն էլ օրենքի ուժով համարվում են թեկնածուներ, եւ որեւէ մեկը օրենսդրական իրավունքը չունի հրաժարվելու այդ առաջադրումից: Այսինքն 16 հոգուց յուրաքանչյուրին ում բարձրագույն դատական խորհուրդը գտնի իր գնահատմամբ արժանի, ապա նա պարտավոր է կրել այդ լրացուցիչ պարտականությունը:
-ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կամ Ձեզ նսեմացման դրսեւորումներ եղե՞լ են կամ նկատե՞լ եք:
-Բացարձակ ոչ, քննարկումները միշտ մասնագիտական փոխադարձ ընդունելի եղանակներով ու տարբերակներով են եղել:
-Հիմա կոնկրետ կարո՞ղ եք ասել` ինչ է լինելու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը, մեկ ընտրություն երկու փուլով տեղի ունեցավ, բայց ապարդյուն, ի՞նչն է լինելու ԲԴԽ-ի հաջորդ քայլը:
-Մի՛ մտահոգվեք, Օրենսգիրքը դրա լուծումը տվել է, ընտրություն կլինի, ընտրություն կկայանա, մինչեւ ընտրության կայացումն էլ օրենսգիրքը լուծումը տվել է, որ ոչ միայն Վճռաբեկ դատարանի նախագահի, այլ նաեւ բոլոր դատարանների նախագահի պարագայում: Եթե թափուր է դատարանի նախագահի պաշտոնը, ապա ես Վճռաբեկ դատարանի նախագահի օրինակով ասեմ, օրենքի ուժով պաշտոնակատար է համարվում այն պալատի նախագահը, որը ունի այդ ատյանում դատավորի ավելի երկար ստաժ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՔՆՆԻՉՆԵՐԻ
ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների շուրջ ստեղծված աղմուկը դարձել է իրավապահ համակարգում կռվախնձոր: Ինչպես հայտնի է, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը` պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ, մայկա-ֆուֆայկա, ինչպես նաեւ բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար եւ ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով սույն թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «Բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «Հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած առաջին եւ երկրորդ հայտատու ընկերություններին: Արդյունքում հաղթող է ճանաչվել երրորդ տեղ զբաղեցրած եւ շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Իրավապաների ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու համար:
Արդեն 2018թ. հունիսի 18-ին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի կողմից որոշում է կայացվել քրգործ հարուցելը մերժելու մասին: Սակայն մերժման մասին որոշման հետ Զինվորական դատախազությունում համամիտ չեն եղել ու իրավական գործընթաց են սկսել: Երեկ գլխավոր դատախազությունից հայտնի դարձավ, որ զինվորական կենտրոնական դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է քննիչի որոշումը, եւ ՀՀ քր. օր. 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել քրգործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Ստացվում է, որ իրավապահ համակարգում մատակարարների բողոքների մասով տարակարծություն կա, քննիչը վերոնշյալ գործում հանցակազմ չի տեսնում, իսկ ահա դատախազությունը վերացնում է վերջինիս որոշումը եւ մի բան էլ հարուցում է քրգործ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐԵՎԱՆ
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի` Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները այսօր կժամանեն Երեւան մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հերթական հանդիպմանը. «Երեւան կժամանեն Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդ-Գուլիեւը եւ Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական հարաբերությունների պատասխանատու Օմար Քյուչուքը»:

 

 

ՎԱՏ ՎԵՐՋԱԲԱՆ
ԱՀ ՊԲ նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը hetq.am-ին տված հարցազրույցում նշել է, որ այս փուլում Ադրբեջանի հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի: Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում, որն էլ մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Նրա խոսքով` սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ են: «Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին: Սկսել են նաեւ ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ: Դա մեզ թույլ է տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների»: Լ. Մնացականյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական բանակի ձեռք բերած նոր զինատեսակների ցուցադրման հարցին: «Այո՛, իրենք ցուցադրում են, բացի «Պոլոնեզ»-ներից իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել: Մենք հետեւում ենք այդ ամենին եւ հակամիջոցներ ենք ձեռնարկում»,-նշել է նա: Նախարարը վստահ է, որ անակնկալ հարձակում չի լինի: «Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետեւ մենք անընդհատ հետեւում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին: Մենք մեր նախապատրաստական եւ կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հանկարծակիության գործոնի հաշվառումով»,-վստահ է նախարարը` հավելելով, որ եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԻՆՎՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի հզորացնել ռազմական կարողությունը: «2003թ. ի վեր մենք 15 անգամ ավելացրել ենք ռազմական ծախսերը: Մեր բանակն ամենաարդիական զենքն ու տեխնիկան է ստանում: Միաժամանակ մենք գնում ենք արդիական տեխնիկա, մենք արդեն ստացել ենք զրահատեխնիկայի, օդանավերի, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ռազմանավերի հարյուրավոր միավորներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հեռահար հրթիռներ»,- ասել է Ալիեւը: «Բանակաշինությունն ամենակարեւոր խնդիրն է, քանի որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, Ադրբեջանը հետայսու էլ ձեռք է բերելու արդիական սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա: Մենք դրա համար ունենք ե՛ւ ֆինանսական միջոցներ, ե՛ւ ամուր կամք»,- հայտարարել է Ալիեւը:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով 2018թ. հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը: Այս երթուղուց օգտվող Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային համար 18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչեւ Մուշավան: Ավտոբուսային համար 10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչեւ Նուբարաշեն վարչական շրջան: Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:




Լրահոս