300 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՍՊԱՍՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել մի շարք քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ եւ բարձրաձայնում, որ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում` հայտնելով, որ հանձնաժողովը Սերժ Սարգսյանի գնալուց հետո լուծարվել է, ուստի պետք է սպասեք:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալաքյանը հայտնեց, որ 7 տարվա ազատազրկման է դատապարտվել գողության համար. «6 տարի 6 ամիս է, ինչ կրում եմ պատիժս Արմավիր քրեակատարողական հիմնարկում: Այսօր Արմավիր ՔԿՀ-ում 300-320 հոգի մարդ կա, որ օրենքով իրենց հասնում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն: Բայց գործընթացը բոլոր քրեակատարողական հիմնարկներում կանգնած վիճակում է, ոչինչ չեն ասում եւ ոչ մեկի չեն ազատում: Մեզ բերդի ադմինիստրացիայից հայտնում են, թե կառավարության որոշում չկա, որ սկսեն աշխատել եւ ազատ արձակել պայմանական վաղաժամկետ: Մենք տույժ չունենք, կարգապահական որեւէ խնդիր չունենք, մարդ կա պետք է դուրս գա բաց ռեժիմ, ոչինչ չեն անում : Ձեզ ասեմ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ հանձնաժողով կար, այդ հանձնաժողովին էին ներկայացնում դատապարտյալին, բայց հիմա ասում են, որ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո այլեւս չկա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողով, հանձնաժողովը լուծարվել է, հիմա քրեակատարողական հիմնարկը դատապարտյալի վարքը պետք է ներկայացնի դատարանին, եւ դատարանը որոշում կայացնի պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն, թե թողեն մնա բերդում: Գոնե թող դա անեն, ախր այսպես ո՞նց կարելի է, սաղ գժված են: Մեր հարազատները գնալու են Բաղրամյան 26, որ ասեն` հարգելի՛ վարչապետ, մեր դատապարտյալներին ինչո՞ւ ազատ չեն արձակում»:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի հետ կապված դիմեց Արմավիր ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին, սակայն վերջինս ասաց, որ որեւէ խնդիր չկա, վարչությունում աշխատում են` խնդրի հետ կապված, ամեն ինչ ընթացքի մեջ է: Իսկ թե ինչ խնդիր է, որի մասով վարչությունում զբաղվում են, ՔԿՀ պետը չմանրամասնեց: Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին:
-Պարո՛ն Քրմոյան, դատապարտյալներն ահազանգում են, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը լուծարվել է, եւ գործընթացը կանգ է առել, ինչպե՞ս կմեկնաբանեք դատապարտյալների ահազանգը, կառավարության ի՞նչ որոշման մասին է խոսքը:
-Նոր օրենք է ընդունվել եւ ուժի մեջ է մտել շաբաթ օրը:
-Ի՞նչ օրենքի մասին է խոսքը, կմանրամասնե՞ք:
-Քրեական օրենսգրքում փոփոխություններ, քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ, պրոբացիայի մասին օրենքում փոփոխություններ, որի շրջանակներում հաշվի առնելով, որ նախագահի լիազորությունները սահմանադրությամբ փոխվել, է եւ անկախ հանձնաժողովին չէր կարող հաստատել` ուստի նոր մոդել է ընդունվել, որի դեպքում այսուհետ անկախ հանձնաժողով չի լինելու, երկու եզրակացություն է լինելու, որը տալու է պրոբացիան եւ քրեակատարողական ծառայությունը, այդ եզրակացությունից ելնելով` արդյունքները ներկայացվելու է դատարան, եւ դատարանը որոշում է կայացնելու: Այսինքն` որեւէ խնդիր չկա, օրենքը ընդունվել է ենթաօրենսդրական ակտերը ընդունվել են: Նախորդ շաբաթ օրը արդեն ուժի մեջ է մտել, մենք նախորդ ուրբաթ օրը եւ երկուշաբթի արդեն խորհրդակցություններ ենք անցկացրել քրեակատարողական վարչության եւ պրոբացիայի հետ, իրենք արդեն տեղեկացված են, խնդիրները լուծված են: Կարծում ենք, որ օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո` 15 օրվա ընթացքում, բոլոր այն անձանց դիմումները, որոնց իրավունքը ծագել է, պարտավոր է քրեակատարողականը նրանց գործերը ներկայացնել դատարան, եթե իրենք իրենց համաձայնությունը կտան: Սա նշանակում է, որ որեւէ խնդիր չկա, պրոցեսը կառավարում ենք:
-Այսինքն` ըստ էության, դատապարտյալների բարձրաձայնումը տեղի՞ն էր:
-Բացարձակ տեղին չէր, քանի որ ադմինիստրացիան տեղյակ է նախօրոք, մինչեւ օրենքը ուժի մեջ մտնելը մենք քննարկումներ են անցկացրել, նաեւ տիպային փաստաթղթերի ձեւեր ենք մշակել, որ 15 օրում այդ ամեն ինչը հասցնենք, կարծում եմ, որ իրենք պատշաճ տեղեկատվություն չեն ունեցել:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման 3 անկախ հանձնաժողով: «Գորիս»-ի, «Մեղրի»-ի, «Երեւան-Կենտրոն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի անդամներն էին ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության գլխավոր մասնագետ Մհեր Խաչատրյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց եւ դատապարտյալների հաշվառման բաժնի պետ Սամվել Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը:
Սակայն օրենքում փոփոխություններ եղան, եւ անկախ հանձնաժողովի կազմը փոխվեց: Բանն այն է, որ հաձնաժողովում այլեւս ուժային կառույցներից ներկայացուցիչներ չներգրավվեցին, եւ հանձնաժողովը կազմվեց կոնկրետ մասնագետներով, սակայն ինչպես նկատում ենք, մասնագետներից կազմված հանձնաժողովն էլ այլես չի գործի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հֆֆ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Շիրակի ֆուտբոլային ակումբի կռիվը հասավ դատարան: Ինչպես հայտնի է, Մայիսի 5-ին հայկական ֆուտբոլում սկանդալ եղավ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կարգապահական կոմիտեն հայտարարեց Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբից 12 միավոր նվազեցնելու, թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ֆուտբոլային գործունեությունից ցմահ զրկելու եւ «Շիրակին» 7 միլիոն դրամ տուգանելու մասին: Որոշումը հրապարակվեց «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ավարտից անմիջապես հետո: Գյումրեցիներն այդ խաղում հաղթել էին 2-0 հաշվով ու կարեւոր քայլ կատարել չեմպիոնության ճանապարհին: Ֆեդերացիայի որոշումը կապված էր հենց այս խաղի հետ: Ըստ ՀՖՖ որոշման` «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանը «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին առաջարկել է անցկացնել պայմանավորված խաղ, դրա համար աֆրիկացի ֆուտբոլիստին տվել է 1000 դոլար կանխավճար` խոստանալով եւս 4000-ը: Ըստ էության, այս ամենով ամեն ինչ չի ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հունիսի 25-ին «Շիրակ ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի մասնակի անվավեր ճանաչել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հունիսի 16-ի որոշումը: Դիմումն ընդունվել է վարույթ: Այս գործը քննելու է դատավոր Արշակ Պետրոսյանը: Միաժամանակ նկատենք, որ երեկ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչին «Բանանց» ՖԱ-ի մարզիկին կաշառելու համար։ Քննության տվյալներով՝ Ա.Հարությունյանը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։ Կատարվածը փաստերով ներկայացնելու նպատակով վերջինս իր հեռախոսի «whatsapp» հավելվածով՝ հաղորդագրությունների տեսքով, շփվել է մարզչի հետ եւ հաղորդագրությունները ներկայացրել ակումբի ղեկավարությանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ 2018թ. հունիսի 27-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼԻ ԿԻՆԸ
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը: Ամիրյանը կասկածվում է անհայտ աղբյուրից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման եւ փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ եւ 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել «Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրգործը: Նախնական տվյալներով` «Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի երկու աշակերտ 2016-2018թթ. ուսումնական տարիներին փաստացի դպրոց չհաճախելու պայմաններում տնօրենի հրահանգով բացակա չեն ստացել եւ փոխադրվել են 4-րդ դասարան: Ոստիկանությունում հարուցվել է քրգործ: Քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին երեկ հրապարակվել են գործում առկա տեսանյութերը: Մեղադրանքի կողմը հրապարակել է 2014թ. կայացած մի ասուլիս, որին մասնակցել են «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանն ու Գարեգին Չուգասզյանը: Հիշեցնենք, որ նրանք «Սասնա ծռեր»-ի գործով որեւէ կարգավիճակ չունեն: Երեկ դատարանում հրապարակվել է նաեւ 2016թ. ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր»-ի հրավիրած մամուլի ասուլիսից կադրեր:




Լրահոս