Բագրատաշենը փորձում է առանձնանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագարատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը 2018թ. մայիսի 23-ին դիմում-նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորելուց բացի նա նորընտիր վարչապետին հայտնել է, որ բագրատաշենցիները ակտիվ մասնակցություն են ունեցել ժողովրդական շարժմանը եւ Փաշինյանի կոչին անսալով` փակել են Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բագրատաշենի սահմանային անցակետը: Մակյանը վարչապետին հայտնել է, որ Բագրատաշեն բնակավայրը խոշորացված Այրում համայնքի 8 բնակավայրերից բնակչության թվով եւ զբաղեցրած վարչական տարածքով ամենամեծն է: Բագրատաշենը դեմ է արտահայտվել համայնքների խոշորացմանը, որը դրսեւորվել է Բագրատաշենի ավագանու 2016թ. հունիսի 20-ի թիվ 15 որոշումով:

Սակայն Բագրատաշեն համայնքի կարծիքը հաշվի չի առնվել, եւ բնակավայրն ընդգրկվել է Այրում համայնքի կազմում: Բագրատաշենի վարչական ղեկավարը հայտնել է, որ մինչեւ խոշորացումը Բագրատաշենի համայնքապետարանը հնարավորություն է ունեցել պահելու մանկապարտեզ, որին ապահովել է սննդով, գույքով, կատարել մանկապարտեզի շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Համայնքապետարանը պահել է նաեւ երաժշտական դպրոց, մարզական 2 խմբակ: Բագրատաշենում գործում են միջնակարգ եւ հիմնական դպրոցներ: Բագրատաշեն համայնքի բյուջեով կատարվել է գյուղի փողոցների խճապատում, գիշերային լուսավորության ցանցի անցկացում, գյուղի կանաչապատում:

Բագրատաշեն համայնքի բյուջեի հաշվին գյուղում յուրաքանչյուր ծնունդի դեպքում այդ ընտանիքին հատկացվել է 20 հազար դրամ, առաջին դասարան հաճախող երեխայի ընտանիքին` 30 հազար դրամ, հարազատին կորցրած սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել է դրամական օգնություն: Բագրատաշենի ավագանու որոշմամբ բագրատաշենցիներից աղբահանության վճար չի գանձվել, աղբահանությունը գյուղացիների համար անվճար է եղել: Բագրատաշենը Հայաստանի այն եզակի բնակավայրերից է, որի բնակչության թիվը վերջին տարիներին չի նվազել, այլ ավելացել է: Ա. Մակյանը վարչապետ Ն. Փաշինյանին ուղղված իր դիմում-նամակը եզրափակել է հետեւյալ խոսքերով. «Խնդրում ենք լսել մեր ձայնը եւ հնարավորություն տալ Բագրատաշենին գործելու որպես առանձին միավոր»: «Ժողովուրդ» օրաթերթը Ա. Մակյանից տեղեկացավ, որ իր դիմում-նամակին դեռ պատասխան չի ստացել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս