Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այդ թեմայի շուրջ քննարկում չի եղել: Այդուհանդերձ, Մելքումյանը խնդիրը դիտարկեց իրավական հարթության մեջ. «Բոլոր խնդիրները պետք է պարզաբանվեն, որպեսզի երկիրն այլևս հետ չնայի, միայն առաջ նայի: Իրավական գործընթացները կավարտվեն, մենք կհասկանանք` ինչ է եղել: Հիմա պահն է, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել: Պետք է քննությունն ավարտվի, որպեսզի հարցեր չմնան, օրենքի առաջ պետք է խտրականություն չդնել,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: