«Սասնա Ծռեր կուսակցության անդամները կհանդիպե՞ն Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ. «Կազմակերպել եմ, որ պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, ով հանդիպում չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Թարմացնելու ենք, կյանքը շարժվում ա, մենք չենք կարա ձեռներս ծալենք մյուսների պես, նստենք, սպասենք»,- ասել է նա: Ենթադրվում է` այդ արտախորհրդարանական ուժերից մեկն էլ նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունն է, որի կալանավորված անդամները թավշյա հեղափոխությունից հետո ազատ արձակվեցին հենց ԲՀԿ-ական պատգամավորների միջնորդագրերի հիման վրա: Ավելին` «Սասնա ծռերի» մի քանի անդամ էլ ազատ արձակվեց գրավով, որի գումարը եւս ԲՀԿ-ից էին վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց` արդյոք իրենց պարոն Ծառուկյանից խորհրդակցելու առաջարկ եղել է, ստանալուց հետո գնալո՞ւ են խորհրդակցության: Վարուժան Ավետիսյանն ասաց, որ պարոն Ծառուկյանից դեռ բանակցությունների հրավեր չեն ստացել: «Հիմա հստակ բան չենք կարող ասել: Ստանալու դեպքում կքննարկենք եւ կորոշենք ինչ անել: Հետո, իհարկե, հանդես կգանք հայտարարությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Հատկանշական է, որ մինչ մեզ հետ զրույցը` ասուլիսի ժամանակ, Վարուժան Ավետիսյանը շեշտեց, թե ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին այլեւս չի տեսնում քաղաքական դաշտում: Այդ դեպքում իհարկե անհասկանալի է` ինչու են «Սասնա ծռերը» խոսում ԲՀԿ նախագահից հրավեր ստանալու դեպքում նրա հետ հանդիպման հավանականության մասին:

Ինչեւէ, մեր հարցին` այնուամենայնիվ ինչու որոշեցին մտնել քաղաքականություն, մտավախություն չկա, որ ժողովուրդը «Սասնա ծռեր» խմբավորմանը ընկալում է միայն ռազմական տեսանկյունից, պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ նման բան չկա:

«Չկա այդպիսի բան: Ժողովուրդը մեզ միայն ռազմական տեսանկյունից չէ, որ ընկալում է, այլ պատկերացնում է նաեւ  քաղաքականության մեջ, եւ դա երեւում է հասարակության արձագանքից: Պարզապես տարիներ առաջ մենք չէինք ուզում ներկայանալ որպես քաղաքական ուժ եւ մասնակցել ընտրության: Աբսուրդ կլիներ մտնել Խալիֆի խաղի մեջ եւ խաղալ իր կանոններով, մասնակցել մի ընտրության, որից առաջ արդեն նրա գրպանում գրած-դրված էին ապագա պատգամավորների անունները: Իսկ հիմա հնարավոր է արդարության հասնել մաքուր եւ արդար խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հասկանալով, որ այն ժամանակ անհնար էր դրա միջոցով ինչ-որ բանի հասնել` «Սասնա ծռերը» ընտրեց զենքի կիրառմամբ արդարության հասնելու ճանապարհը, որովհետեւ այդ ժամանակ այլ ելք չկար»,-մասնավորապես ասաց նա:

Վարուժան Ավետիսյանի խոսքով` հեղափոխությունը վաղուց հասունացած բան էր: 2008-ին իշխանությունները կրակեցին իրենց քաղաքացիների վրա, 2016-ին տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմն էլ հող պատրաստեց հեղափոխության համար: Հետո արդեն հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Սասնա ծռերի» ապստամբությունը: Իսկ արդեն այս տարի` ապրիլ-մայիսին, տեղի ունեցավ հեղափոխությունը, որը պետք է շարունակվի եւ իր ավարտին հասցվի բոլորի կողմից:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 




Լրահոս