Շիրակում անորակ ջուր են խմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում 30-ից ավելի գյուղ խմում է ոչ պիտանի ջուր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում է խնդիրը գլուխ բարձրացրել: Արթիկի տարածաշրջանի բոլոր գյուղերի բնակիչներն են բողոքում:

Ըստ բնակիչների` վերջին օրերին ջրի համն ու գույնը կտրուկ փոխվել է: Արթիկի տարածաշրջանի Նահապետավան համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հաստատեց տարածված լուրերը. «Մեր գյուղը, ինչպես նաեւ հարեւան բոլոր բնակավայրերը օգտվում են Մանթաշի ջրամբարից: Արդեն երկու շաբաթ ջրի որակն իսկապես ընկել է: Բնակիչները չէին անհանգստանա, եթե այդքան ինֆեկցիաներ չտարածվեին: Գյուղի բնակչության մեծ մասը աղիքային խնդիրներ ունի, ու դա զուգադիպեց ջրի որակի վատացման հետ»:

Հառիճ, Նահապետավան, Վարդաքար համայնքների բնակիչները նույն բանն են վստահեցնում՝ ջուրն անորակ է ու խմելու համար վտանգավոր. «Կանաչ մամուռ է դառել ջուրը, մի քանի րոպե կդնենք, նստվածք կառաջանա: Սկզբից չէինք նկատել ու խմում էինք, մի քանի օրից ամբողջ ընտանիքով հիվանդացանք: Երեխաների փորիկները ցավում էր, աղիքային վիրուսներով վարակվանք: Բժիշկն էլ մեզ ասաց, որ հնարավոր է` ջրից լինի»,-ասաց Նահապետավանի բնակիչներից մեկը:

Նույն հիվանդությունները նույն ժամանակահատվածում գլուխ են բարձրացրել նաեւ հարեւան Վարդաքարում. «Ամբողջ ջրամբարը բաց է, բազմիցս ահազանգել ենք, որ գան ու միջոցներ ձեռնարկեն: Ինչ կենդանիներ ասես գալիս են ծորակից: Հիմա համընդհանուր աղիքային ինֆեկցիաներ են տարածված: Ստիպված եռացնում, նոր ենք տալիս երեխաներին»,-ավելացրեց Վարդաքարի բնակիչներից մեկը:

Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանն ավելացրեց, որ ջուրը բազմաթիվ անգամ է նմուշառվել, շեղումներ էլ հայտանաբերվել են, բայց ոչ մի արձագանք չի եղել. «Այս երկու օրը մի քիչ կանաչ գույնն անցավ: Կարծես սկսում է մաքրվել ջուրը: Բայց, միեւնույնն է, բազմաթիվ շեղումներ կան: Այս հարցը բազմիցս բարձրաձայնել ենք»:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային մարզային կենտրոնում խնդրին քաջատեղյակ են: Ջրից նմուշառում արել են ու արձանագրել, որ ջուրը ոչ պիտանի է: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանի փոխանցմամբ` շեղումներ առկա են, նրանք երկու անգամ ուսումնասիրություն են կատարել ու տեղեկացրել բնակչությանը, որ ջուրն անորակ է:

Պարզվում է` քլորացումն ու վարակազերծումը պատշաճ չի կատարվում, դա է ջրի որակի անկման պատճառը: Գյուղացիներն էլ պատճառը կապում են ջրամբարի վատ վիճակի հետ՝ պնդելով, որ վերակառուցման անհրաժեշտություն կա: Խնդիրը գյուղապետերը բարձրացնում են, բայց ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված` տեղաշարժ չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին, որը տեղյակ է խնդրից: Մարզպետի փոխանցմամբ` երեւույթը նոր չէ, քայլեր այդ ուղղությամբ արդեն ձեռնարկվում են. «Արդեն ուսումնասիրություններ կատարվել են: Ջուրն էլ անձամբ եմ տեսել: Արդեն երկար ժամանակ բնակիչներն այդ ջրից են օգտվում: Հիմա էլ վճարումներ չեն ուզում անեն: Սպասարկող ընկերության ներկայացուցիչների հետ էլ խոսել եմ: Հիմա արդեն մաքրման պրոցեսներն են ընթացքի մեջ: Չեն կարող ասել` ինչ արդյունք կլինի: Խնդիրը նոր չի ծագել»:

Հ. Գ. Նկատեցի՞ք` անգամ մարզպետը իր խոսքում խնդրի լուծման ուղիների ու ժամկետների մասին ոչինչ չի ասում: Միայն արդարանում է, թե խնդիրը նոր չէ: Այո, նոր չէ, իսկ այժմ դրա լուծման պատասխանատուն նաեւ հենց մարզպետ Սարուխանյանն է:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ




Լրահոս