ԵՍ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԵՄ ՈՐՊԵՍ ԱՆՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քաղաքական ուժերը ակտիվորեն շրջում են համայնքերում ու ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը,սակայն քարոզարշավի ընթացքում համեմատաբար պասիվ է «Իմ քայլը» դաշինքով առաջադրված ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա համայնքներ չի այցելում, ակտիվ հանդիպումներ չի անցկացնում, մինչդեռ նախորդ ընտրություններին անկուսակցական Ցոլակյանը ակտիվ քարոզ էր անում հենց գյուղական բնակավայրերում: Չնայած այդ հանգամանքին` փորձագետները հենց Ֆելիքս Ցոլակյանին են համարում ֆավորիտ թեկնածուն ոչ միայն «Իմ քայլը» դաշինքում, այլեւ վարկանիշային մյուս թեկնածուների մեջ: Սա այն պատճառով, որ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորներից առաջինն էր, որ թավշյա հեղափոխության ժամանակ կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին. Ցոլակյանը կողմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը` հակառակ ՀՀԿ խմբակցության որոշման:

Նախընտրական քարոզարշավի, նախկին եւ ներկա գործընկերների մասին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավորի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան,ինչո՞վ է պայմանավորված, որ ակտիվ քարոզարշավ չեք անում: Գյուղական համայնքերում սպասում են Ձեր այցելություններին: Նախորդ ընտրությունների ժամանակ բավականին ակտիվ էիք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պասիվությունը:
-Քարոզ անում եմ, բուկլետներ եմ բաժանում, նկարներ եմ բաժանում, գովազդային հոլովակներ են ցուցադրվում: Համայնքներ չեմ այցելում, պատճառը ժամանակային սղությունն է: Մի բնակավայրը գնաս, մյուսը չգնաս, լավ բան չի ստացվի: Ժամանակի մեջ չեմ տեղավորվում եւ դրա համար ուզում եմ ներողություն խնդրել հասարակությունից:
-Պարո՛ն Ցոլակյան, ՀՀԿ-ն շուրջ 3 տասնամյակ քանդել է այս երկիրը, դա բնակչության մեկնաբանությունն է: ՀՀԿ հասցեին բավական սուր քննադատություններ են հնչում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք նախորդ ընտրություններին առաջադրվեցիք ՀՀԿ ցուցակով՝ քաջ գիտակցելով, որ կուսակցությունը ԱԺ-ում մեծամասնություն է լինելու, քարոզարշավի ընթացքում էլ ՀՀԿ-ի գովքն էիք անում: Եւ ընդհանրապես, ինչպես որոշեցիք անցնել ՔՊ-ի կողմը:
-Ես բոլոր դեպքերում ներկայացել եմ որպես անձ: Գիտեք ընտրական սիստեմը, ես այլ ելք չունեի, իշխանությունն էի ներկայացնում եւ պետք է ինչ-որ մի կուսակցությունով ներկայանայի: Շատ նայեցի ու չգտա հարմար կուսակցություն եւ ՀՀԿ ընտրեցի: Եթե լիներ մի սիստեմ, որ մարդը կարողանար որպես անհատ հանդես գալ, ես հավանաբար կօգտվեի այդ տարբերակից: Բայց այդ տարբերակը չկար, ստիպված ընտրեցի ՀՀԿ-ն, եւ եղավ այն,ինչ եղավ:
-Պարո՛ն Ցոլակյան, չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց Ձեզ իր թիմ ընդգրկել` հեռահար ծրագրերից ելնելով, որպեսզի կարողանա Շիրակի մարզում ձայների մեծամասնությունը տանի` հաշվի առնելով մարզում Ձեր համբավը: Ինչպե՞ս եղավ առաջարկն ու ինչպե՞ս համաձայնեցիք:
-Երբ ինձ առաջարկ եղավ, ես միանգամից եմ ընդունել, նազուտուզ չեմ արել: Թե ինչ ծրագրեր են ունեցել ինձ հետ կապված,չեմ կարող ասել: Ով այդպիսի բաներ է հայտարարում,թող ինքն էլ մեկնաբանի:
-Գործադի՞ր, թե՞ օրենսդիր մարմինն եք նախընտրում:
-Ես տարբերություն չեմ տեսնում: Ե՛ւ գործադիրում, ե՛ւ օրենսդիրում կարող եմ աշխատել:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Շիրակի մարզից: Արդյոք նախորդ ընտրությունների չափ ձայներ կկարողանա՞ք հավաքել:
-Կարծում եմ` այո. Շիրակի մարզում ես ընդունված եմ եւ կհավաքեմ ճիշտ այնքան, որքան նախորդ ընտրություններին:

Զրուցեց ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԶԱՐՄԱՑԵԼ ԵՆ
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ուշիուշով հետեւել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, եւ հատկապես առաջիկա ԱԺ ընտրություններին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ համատեքստում ռուսական կողմի համար տարօրինակ է եղել ՀՀԿ ցուցակի երրորդ համարում Դավիթ Շահնազարյանի ներկայությունը: Ինչպես հայտնի է, Շահնազարյանն ընդգծված արեւմտամետ է, մշտապես կտրուկ է խոսել ՌԴ հարաբերությունների մասին, ասել, որ ՌԴ-ն երբեք ՀՀ բարեկամ երկիր չի եղել, այլ ՀՀ ինքնիշխանության սպառնալիք է, եւ ոչ վաղ անցյալում էլ հայտարարել էր, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին անեքսիա է: Այս համատեքստում ռուսական կողմն իր զարմանքն է արտահայտել այդպիսի գործչի` ցուցակում գտնվելու առնչությամբ եւ, հատկապես, ակնհայտ ռուսամետ գործիչներ Արտաշես Գեղամյանի կամ Հայկ Բաբուխանյանի կողքին:

 

 

ՀԱՄՈԶԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Սարգիս Սահակյանը դեռ քարոզարշավը նույնիսկ չմեկնարկած է մտածել ինքնաբացարկ հայտնելու մասին: Ավելին, ըստ մեր տեղեկությունների` նա այդ մասին ասել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ամեն կերպ փորձել է նրան համոզել եւ հետ պահել ինքնաբացարկ հայտնելու մտքից: Եվ մի քանի օր Սարգիս Սահակյանը փորձել է հանդիպումներ ունենալ տարբեր մարդկանց հետ, ակտիվ է եղել, սակայն հասկանալով, որ ինքն այսպիսի իրավիճակում չի կարողանալու ձայներ հավաքել` որոշել է խայտառակ չլինել եւ ինքնաբացարկի որոշում է կայացրել: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը կրկին փորձել է համոզել, նույնիսկ ասել է` քարոզչություն մի՛ արա, նստի՛ր տանը, միայն թե ինքնաբացարկ մի՛ հայտնիր: Սակայն Սահակյանն անկոտրում է եղել:
Ի դեպ, օրերս «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սահակյան եղբայրները հանդիպումներ են ունենում իրենց մարզի ՀՀԿ-ական գյուղապետերի հետ՝ հորդորելով ԱԺ ընտրություններում ընտրել իրենց: Բայց որպեսզի այդ այցերի մասին մարզում շատ մարդ չիմանա, Սահակյան եղբայրները տաքսիներով են մեկնում: Մեր այս հրապարակումը գրավել է իրավապահների ուշադրությունը, եւ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը ուսումնասիրել հրապարակման մեջ տեղ գտած փաստերը, իրավախախտման դեպքում ընթացք տալ գործին:

 

 

ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հավես չունի լրագրողների հարցերին պատասխանելու համար: Երեկ նա Երեւանում մասնակցում էր «Լազարեւյան ակումբի» առաջին նիստին եւ յուրաքանչյուր անգամ լրագրողների հարցերին տալիս էր նույն պատասխանը, թե չի ցանկանում հարցերի պատասխանել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչո՞ւ չեք ցանկանում հարցերի պատասխանել, նա նշեց. «Հավես չունեմ»: Ինչպես հայտնի է, Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար: Ինչպես հայտնի է, այդ տարիներին նա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր եւ, ըստ պաշտոնական հաղորդագրության, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` ՀՀ սահմանադրական դատարանի այն ժամանակ դատավոր Վալերի Պողոսյանի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը եւ փորձել է ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի որոշումը չլինի հօգուտ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Նշենք, որ Գեւորգյանի դրվագը եւս միացվել է մարտի 1-ի գործին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, ալյուրի արտադրության ծավալները նվազել են 18.6 տոկոսով: Ի դեպ, նշենք, որ հացի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում: Պաշտոնապես, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10 հազար 400-ով նվազել է: Հացն համարվում է առաջին անհրաժեշտության սնունդ, եւ դրա արտադրանքի ծավալների կրճատումը ուղղակիորեն նշանակում է մարդկանց բացակայություն: Ահա եւ արտագաղթի հետեւանքները:

 

 

ՆՈՐ ԲՈՂՈՔ
Երեկ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ Գոռ Ասատրյանը նշանակվել է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որի համար առաջադրվել էին 16 թեկնածու, սակայն մրցույթը հաղթել էին երեք թեկնածու՝ հիվանդանոցի տրավմատոլոգ Գոռ Ասատրյանը, տնօրենի ԺՊ Արտակ Իսախանյանը եւ Օլգա Մարգարյանը։ Սակայն պարզվում է` մարզպետը ընտրել է Գոռ Ասատրյանին։ Այդ ընտրությանը դեմ է հիվանդանոցի ներկայիս տնօրենի ԺՊ Արտակ Իսախանյանը։ Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հետագա անելիքները իրավաբանի հետ քննարկելուց հետո կորոշի։ «Ես Գոռ Ասատրյանի դեմ ոչինչ չունեմ, իրեն հարգում եմ, բայց մարզպետի որոշմանը դեմ եմ, քանի որ մրցույթին ես ավելի բարձր արդյունքներ եմ հավաքել։ Մարզպետը իմ նկատմամբ ոչ արդարացի որոշում է կայացրել։ Այսօր ուշ երեկոյան եմ իմացել որոշման մասին, այն էլ` ֆեյսբուքյան էջից։ Բայց մինչ այդ մարզպետարանի տարբեր բաժիններ եմ զանգել, ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգերին։ Շատ դժգոհ եմ այս որոշումից, այն անարդար, ոչ օբյեկտիվ է։ Անգամ մյուս թեկնածուն՝ Օլգա Մարգարյանը, ավելի հարմար թեկնածու էր»,- նկատեց Իսախանյանը։ Ապա հայտարարեց, որ բողոքարկելու է մարզպետի որոշումը։

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը դարձյալ հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Բանն այն է, որ ընկերությունը խախտել է նոր սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացի իրականացման վերաբերյալ տեղեկության ներկայացման կարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տեղեկությունը Հանձնաժողովին ընդամենը մեկ օր ուշ է ներկայացրել: Այսինքն` հոկտեմբերի 15-ին ներկայացնելու փոխարեն 16-ին է ներկայացրել: Նույն կարգավիճակում է նաեւ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը ընդամենը երկու օրով է ուշացրել տեղեկությունը ներկայացնելը, ինչի արդյունքում երկու ընկերություններն էլ ՀԾԿՀ-ի կողմից ստացել են նախազգուշացում:




Լրահոս