Առաջին հրաժարականը. ինչու հեռացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանի աշխատանքային երկրորդ օրն արդեն պատգամավորական մանդատից հրաժարվողներ եղան: Երեկ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մեկ շաբաթվա ընթացքում Գրիգորյանը ետ չվերցնի դիմումը, ապա նրա լիազորությունները կդադարեցվեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Վահագն Գրիգորյանը խմբակցությունում ոչինչ չի ասել մանդատից հրաժարվելու մտադրությունների վերաբերյալ: Գործընկեր պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու է հրաժարվում մանդատից, պարզապես պատասխանել է. «Ուղղակի փոշմանել եմ»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նկատել էր. «Որեւէ արտառոց կամ ծայրահեղ բան չկա: Պարզապես իր նախկին աշխատանքն իրեն երեւի ավելի հետաքրքիր է, այդ պատճառով է դիմում գրել»: Նշենք, որ Վահագն Գրիգորյանը 10 տարուց ավելի աշխատել է բանկային ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա բարձր աշխատավարձով պաշտոնի առաջարկ է ստացել հայաստանյան բանկերից մեկում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է Երեւանի ավագանու անդամ: Եվ երեկ ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված ավագանու անդամների ցանկը` պարզեցինք, որ նրա անունը դեռ հեռացված չէ, այնինչ պատգամավորական մանդատ ստացած ավագանու մյուս անդամների անունները հանված էին, եւ նրանց փոխարեն նորերի անուններն են գրված: Հիշեցնենք` Վահագն Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով Երեւանի թիվ 4 ընտրատարածքից (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններ)։

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս