Դիլիջանի բնակիչը 20 միլիոն հարկ չի վճարել․ դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքի բնակիչ 1980թ. ծնված Արման Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար: Նրա նկատմամբ դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, սկսվել է հունվարի 17-ին:

Ա. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրա նկատմամբ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Արման Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ, հանդիսանալով «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ տնօրենը, 2013-2014թվականներին իրականացրել է տնտեսական գործունեություն, ՀՀ տարածք է ներմուծել ապրանքներ ու առանց համապատասխան փաստաթղթավորման իրացրել, ՀՀ-ում ձեռք է բերել ապրանքներ եւ իրացրել «ԷԴ ԸՆԴ ԶԱԿ» ՍՊԸ-ին, սակայն պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր գումար:

Ըստ մեղադրանքի` հարկեր չվճարելու նպատակով նա, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ 48-րդ հոդվածի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել 2013-2014 թվականների շահութահարկի, 2013թ. 2-րդ, 3-րդ 4-րդ, 2014թ. 1-ին եռամսյակների ավելացված արժեքի հարկի, 2013թ. 2-րդ եռամսյակի շրջանառության հարկի, 2013թ.մարտ ամսից մինչեւ 2015թ. մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկները եւ ՀՀ պետական բյուջե չի վճարել 20 միլիոն 237 հազար 690 դրամ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս