Ինչու՞ է հարբած տղամարդը զայրացրել Նարինե Դովլաթյանին եւ ինչպե՞ս է երգչուհին «պատժել» նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:

Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Նարինե Դովլաթյանն է: Նա հիշեց տարիներ առաջ ռեստորանում գրանցված մի դեպք. «Ժամանակին աշխատում էի ռեստորանում, որտեղ կատարում էի արտասահմանյան երգիչների գործեր՝ cover տարբերակով, թեպետ այդ ռեստորանում բոլորը կատարում էին ռաբիս գործեր: Հիշում եմ, որ բեմի վրա ինքնամոռաց կատարում էի Ադելի երգերից մեկը, աչքերս փակ էին, հանկարծ զգացի, որ բեմի վրա ինձնից շատ մոտ էլի մարդ կա: Աչքերս բացեցի, տեսնեմ հարբած մի տղամարդ մոտեցել է ինձ, որպեսզի գումար տա: Ահավոր զայրացա, միկրոֆոնի շտատիվը հրեցի նրա վրա, հետո այն ընկավ իրենց սեղանի վրա, իրարանցում ստեղծվեց, ու ես հեռացա բեմից, այլեւս չվերադարձա ռեստորան: Գուցե շատ երգիչ-երգչուհիների համար դա սովորական էր, բայց ինձ համար շատ կարեւոր է՝ որտեղ եմ երգում, ում առջեւ՝ կլինի դա մեծ, թե փոքր բեմ: Բեմն իմ տարածքն է, եւ ամեն մեկը չի կարող ներխուժել այնտեղ: Այսպիսով ավարտվեց ռեստորանում իմ աշխատելու շրջանը»,- ծիծաղելով պատմեց Նարինեն:

Նա խոստովանեց, որ այդ դեպքից ցնցված է եղել ռեստորանի ողջ անձնակազմը, քանի որ Նարինեից նման արձագանք չեն սպասել. «Այդ դեպքից հետո` հաջորդ օրը առավոտյան, ինձ զանգահարեց ռեստորանի տնօրենը, խնդրեց, որ գնամ աշխատանքի, մերժեցի, հետո ասաց, որ գոնե գնամ աշխատավարձը ստանամ, էլի մերժեցի, ասացի, որ ինձ այդ փողը պետք չէ: Ասում են՝ ես միակն եմ եղել, որ նման իրավիճակում տվյալ ռեստորանում այդպես եմ վարվել: Հետո շատերը ինձ հարցնում էին, թե ճիշտ է արդյոք, որ նման դեպք է եղել, ասում էի. «Հա, դո՞ւք որտեղից գիտեք»: Երեւի իրար պատմել էին»,-հիշեց երգչուհին:

Նա նաեւ նշեց, որ հաճախ է հետաքրքիր պատմությունների մեջ ընկնում: Օրինակ՝ վերջերս էլ տաքսու վարորդներից մեկի հետ կապված մի դեպք է եղել. «Նստեցի տաքսի, վարորդը տաքսիստներին բնորոշ ձեւով սկսեց պատմել իր կյանքից, հետո ասաց, որ «ռայոնից եկած գեղացիներին» տանել չի կարողանում: Դրանից հետո էլ ինձ հարցրեց, թե ինչով եմ զբաղվում: Երբ ասացի, որ երգչուհի եմ, ճանաչեց, անգամ սկսեց երգել իմ “Beautiful Sunday”-ն: Ես էլ ասացի. «Գիտե՞ք՝ ես էլ եմ գյուղից»: Զարմացավ, շփորթվեց, հետո ներողություն խնդրեց: Դա թող բոլորին դաս լինի, որ գյուղացու ու քաղաքացու միջեւ տարբերություն չդնեն: Մարդս մարդ լինի»,-եզրափակեց Նարինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս