Երգի պետական թատրոնում սխալ մտքերով թունավորում են երիտասարդներին. Արտո Թունջբոյաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երաժշտությունն անկեղծ մտածելու մի ձեւ է: Կարեւորը այդ մտածողությանը հասնելն է: Որքան էլ մեզ Թուրքիայում չէին սիրում, խոստովանում էին՝ հայերը ստեղծագործ մարդիկ են: Հիմա էլ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ, կոմպոզիտորներ կան, բայց նրանք դրսեւորվելու համար համապատասխան պլատֆորմ չունեն, դրա համար էլ գնում են ուրիշ երկրներ, ինչը ցավալի է»,-ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Գրեմմի»-ի մրցանակակիր, կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ Արտո Թունջբոյաջյանը:

Հայաստան գալու առիթն այս անգամ ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ «5th Season» խմբի «Gate of Frequency» խորագրով համերգն է, որին մասնակցում է նաեւ ինքը՝ Թունջբոյաջյանը: Բացառիկ ձեւաչափ ունեցող համերգին Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Իսկ «5th Season» խմբի կազմում բացի Արտո Թունջբոյաջյանից ելույթ կունենան նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Սամ Սարյանը, Մակար Նովիկովը: Համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարարական ինքնատիպ ձեւաչափի համադրություն է:

Արտո Թունջբոյաջյանը, խոսելով Հայաստանում ստեղծագործող երիտասարդների մասին, տեսակետ հայտնեց, որ նրանց առաջ գնալու համար վստահություն է հարկավոր, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները երիտասարդների կողքին լինեն:

«Անընդհատ հետ ենք գնում, վաղվա համար մի բան չենք առաջարկում: Իսկ այդ «վաղը» ինձ համար շատ կարեւոր է: Պետք է ուշադիր լինենք, տեսնենք՝ կյանքն ինչպես է առաջ գնում, դրա համար էլ մենք այսօր երաժիշտներով միավորվել ենք»,-ասաց նա: Ըստ Թունջբոյաջյանի՝ ամեն բան մեկ անձից է սկսվում, բայց, միեւնույն ժամանակ, ոչինչ մեկ անձով չի ավարտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք Հայաստանը մշակութային հեղափոխության կարիք ունի, պարոն Թունջբոյաջյանը պատասխանեց՝ միանշանակ այո. «Երգի պետական թատրոնում, օրինակ, մարդիկ նստել են, սենյակներ են զբաղեցնում, փող են աշխատում եւ սխալ մտքերով թունավորում են երիտասարդներին:

Հաճախ ոմանք, անուններ չեմ տա, 12 տարեկան երեխաներին հին, ոչ արդի ձեւերով Սայաթ-Նովա երգեցնելով՝ այդ երեխաների տաղանդի «թաղում»-ն են անում եւ դեռ դրանով էլ հպարտանում են»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա կրկին ընդգծեց՝ երիտասարդների առաջ գնալու պատասխանատվությունը մեծերի ուսերին է. «Ավագ սերունդն իր էգոն չպետք է դնի այդ հարաբերությունների հիմքում. հաճախ մեծերը փորձում են վերահսկել երիտասարդներին, ստիպում են իրենց պես մտածել: Դա սխալ մեթոդ է»,- նկատեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով համերգին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դա ինչ-որ առումով էքսպերիմենտ է լինելու, որը մինչեւ վերջին վայրկյանը կարող է գաղտնի մնալ. «Ամբողջ երաժշտության պատմությունն է էքսպերիմենտ… Մենք դասական նվագախումբ ենք, բայց բաց ենք նորությունների համար: Երաժշտության նոր լեզուները հետաքրքրում են մեզ: Պետք է կարողանանք նաեւ այդ նոր լեզուներով խոսել»,-մեկնաբանեց նա:

Ինչ վերաբերում է երիտասարդ ստեղծագործողների համար պլատֆորմ ստեղծելուն, պարոն Մարտիրոսյանը նկատեց. «Մարդկանց տարիներ շարունակ սովորեցրել են ինչպես որեւէ բան անել: Դա սխալ է: Պետք է սովորեցնել՝ ինչպես փնտրել: Արվեստի մարդու գործը այդ փնտրտուքների մեջ լինելն է: Իսկ երբ ինչ-որ ճանապարհի վրա ես ընկնում, պետք է մինչեւ վերջ գնաս»:
Վահագն Հայրապետյանն էլ տեսակետ հայտնեց, որ համերգը երիտասարդ երաժիշտների, ստեղծագործողների միտքը պարզելու լավ միջոց է. «Այսօր ո՞վ գիտի Ալան Հովհաննեսին. շատ քչերը: Բայց նա պետք է ավելի ճանաչելի լիներ: Այդ կոմպոզիտորը չի վախեցել սխալ նոտաներից, մենք էլ մեր հերթին այդ վախը պետք է հանենք ստեղների միջից»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս