Մասիվի առեղծվածային սպանությունն ու Էդգար Ծատինյանի ստացած զանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր Երեւանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանը: Նրա ընտանիքը հայտարարում է, որ իրենք տեւական ժամանակ ապրում են վախի ու ահաբեկման մթնոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթին այս առեղծվածային դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

2019 թվականի ապրիլի 6-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում միայնակ ապրող թոշակառու կինը հարազատների հեռախոսազանգերին չի արձագանքում, տան դուռն էլ փակ է: Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դին` բերանը կպչուն ժապավենով փակված: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` կնոջը հասցվել է դանակի 31 հարված: Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իրավապահները ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ` կատարվածի հանգամանքները պարզելու եւ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Քննություն ու Զարգացումները

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները հարցաքննում են միայնակ կնոջ բարեկամներին եւ տեղեկանում են այն մասին, որ 84-ամյա տատիկի հարազատները բնակվում են արտասահմանում եւ նրան պարբերաբար գումար են ուղարկում: Նա էլ իր հարազատներին ասում է, որ այդ գումարը հավաքում է նեղ օրվա համար: Ինչեւէ, իրավապահները, երբ քննություն են իրականացնում, առաջ են քաշում այն վարկածը, որ ենթադրյալ հանցագործների նպատակը եղել է տատիկին թալանելը: Իսկ հաջողվել է դա անել նրանց, թե ոչ, իրավապահների համար սկզբում մնացել է հանելուկ: Բանը հասել է 84-ամյա կնոջ հարազատներին հարցաքննելուն, իսկ վերջիններս էլ իրավապահներին պատմել են, որ նա պահած գումար ուներ, եւ իրավապահներին ցույց են տվել գումարի տեղը: Գումարը՝ 4000 դոլար, եղել է տեղում: 84-ամյա կնոջ տուն ներխուժած անձանց այդպես էլ չի հաջողվել նպատակին հասնել ու տիրանալ 4000 դոլարին:

Այստեղ կրկին հարց է առաջացել. եթե գումարը չեն գտել, կամ տատիկը հանցագործներին իր գումարի տեղը չի ասել, ապա ինչո՞ւ են դաժանաբար սպանել: Այստեղ էլ իրավապահներն այն վարկածն են առաջ քաշել, որ միգուցե կինը ճանաչել է իր տուն ներխուժած անձանց կամ անձին, ուստի հետքերը թաքցնելու համար նրան սպանել են: Այս դեպքից մեկ օր հետո` ապրիլի 7-ին, Երեւան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվում Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Էդգար Ծատինյանը: Նրա ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձեւակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ: Այնտեղ նա հայտնել է, թե չի հիշում` ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետեւ տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է: Էդգար Ծատինյանը հենց 84-մյա տատիկի սպանության կասկածանքով էր բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Մայրը ահազանգում է

Արդեն մի քանի օր է, ինչ մահացած Էդգար Ծատինյանի մայրը` 57-ամյա Լարիսա Եթարյանը, հայտարարում է, որ ապրիլի 7-ին իր որդուն` Էդգար Ծատինյանին, զանգել ու 4-րդ Մասիվի դատարանի շենքի մոտ է հրավիրել նրա ընկերը` Ֆեդյա անունով: Որդին Աբրահամ անունով երիտասարդի հետ գնացել է նշված վայր, որտեղ ոստիկանության 7 ավտոմեքենա շրջապատել է նրանց, ձեռքերին շղթաներ անցկացրել ու տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ որդուն խոշտանգել են: Ըստ Լարիսա Եթարյանի` ոստիկաններն իր որդուն ստիպել են հայտնել, որ օրեր առաջ հարեւան շենքում սպանված տարեց կնոջը սպանել են երկու այլ հարեւաններ:

Մոր խոսքով` Էդգարը հրաժարվել է սուտ տեղեկություններ հայտնել, ինչից հետո սկսվել են խոշտանգումները. «Ծեծում են մի այլ կարգի, ասում են` էնքան էին խփել պոչկեքիս, չեմ կարողանում շարժվել, չեմ կարողանում շնչել: Երեխես ասել ա` մի կում ջուր տվե՛ք, կանդալած տանում են զուգարան, քցում են գետնին, սկսում են խփել: Ասում ա` ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ինքը որ վթարի էր ենթարկվել, ոտքը հավաքած ա շշով: Ասա, թե որ ոտքդ ա, որ կտրենք, ու սկսում են հարվածել, ջուրը շփում են վրեն, թե` ա՛ռ, խմի՛: Բերում, նստցնում են ու ասում են` գրի՛, պիտի գրես, որ էդ կնոջը սպանել են Արմանն ու իր կինը: Ասում ա` ես չեմ տեսել, ո՞նց տենց բան գրեմ, չեմ գրի տենց բան»: Ըստ նրա` ոստիկանները սպառնացել են թմրանյութ համարվող կրիստալը գցել Էդգարի գրպանը: «Կգնաս, 7-ից 15 տարի կդատվես, եթե չես գրում»,- ասել են, ինչից հետո Էդգարը կուլ է տվել կրիստալը:

Կասկածանքի հիմքը

Նկատենք, որ Էդգար Ծատինյանը նախկինում ազատազրկված է եղել: Արդյոք իրավապահների համար Էդգար Ծատինյանի նախկինում ազատազրկման դատապարտված լինելն է հիմք եղել, որ նրան կասկածեն 84-ամյա կնոջ սպանության համար, թե այլ ապացույցներ են ի հայտ եկել: «Ժողովուրդ» օրաթերթին այս քրեական գործի քննության ընթացքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահների ձեռքում է հայտնվել տվյալ, ըստ որի` 84-ամյա կնոջ սպանությունից հետո Էդգարին է զանգահարել իր ընկերներից մեկը եւ հայտնել, որ ոստիկանները գալու են իրենց հետեւից: Նույն լուրերի համաձայն` Էդգարը նրան ասել է, որ չվախենա, «երբ գան, նրանից կխմենք, բաժնում կվատանանք ու կփրկվենք»: Ենթադրվում է, որ կրիստալ տեսակի թմրամիջոցի մասին է եղել խոսքը, որը էդգար Ծատինյանը օգտագործել է, եւ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ոստիկանությունը ու դատախազությունը

Այսպիսով, իրավիճակին արձագանքել է ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ դատախազությունը: Ըստ ոստիկանության նախնական բժշկական եզրակացության` մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Ինչեւէ, հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաեւ ոստիկանության ծառայողների նկատմամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է` սուտ մատնության հատկանիշների առկայությունը:

Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ` նշանակվել է ծառայողական քննություն` հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար: Իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը սույն հաղորդումը ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու եւ հետագա ընթացքը լուծելու համար: ՀՀ ՀՔԾ քննիչի որոշմամբ` հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 7-րդ կետերով: Հուսանք, որ ՀՀ քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն օբյեկտիվ քննություն կիրականացնեն պարզելու ինչպես 84-ամյա կնոջ սպանության հանգամանքները, այնպես էլ ոստիկանների կողմից հնարավոր խոշտանգման մասին հայտարարությունները:

Քնար Մանուկյան




Լրահոս