«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տիկին Մակունց, կիրակի օրը ֆրակցիայի 3 ժամանոց նիստ եք արել, սակայն չեք հրապարակայնացրել․ ինչո՞ւ։ «Դա հերթական նիստ էր, մենք որեւէ պաշտոնյա չէինք հրավիրել․․․ Եթե Ձեզ ինչ-որ բան հետաքրքիր է, եւ այն հրապարակման ենթակա է, հարցրեք՝ կպատասխանեմ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Մեզ պատմեցին, որ հանձնարարականներ են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել, թեեւ երեքշաբթի ԱԺ-ում լեզվակռիվ եղավ։
«Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ֆրակցիայի նիստին ինչ հարցեր են արծարծվել, ապա դրանք առնչվել են արտաքին քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ մեր ուղենիշը պետք է լինի այն, ինչ ուղենշում է ԱԳ նախարարությունը։ Ինչ վերաբերում է երեքշաբթի օրը տեղի ունեցածին, ոչ մի վերահսկողությունից դուրս բան չի կատարվել՝ կրքերը կարող են բորբոքվել։ «Իմ քայլի» համար կարեւոր է բալանսավորված, կառուցողական աշխատանքը»: Չե՞ք «ճնշել» այդ օրը ձեր կուսակիցներին։ «Իհարկե` ոչ. կարեւորել ենք հանգամանքը, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ, միեւնույն ժամանակ խմբակցության անդամ լինելը ենթադրում է որոշակի կաղապարներ, եւ մենք՝ որպես խմբակցության անդամներ, չենք կարող գործել այնպես, ինչպես եթե լինեինք ազատ մարդիկ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում