«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան-Սեւան ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։ Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն է եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյունի հետեւանքով վնասվել էին ճանապարհածածկույթը եւ երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, եւ ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել, եւ պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
Ու մինչ իրավապահները կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ` հասկանալու համար, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել: Աժ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց. «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս` ինչի: Այդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք ինչքան մեքենա է անցնում այդ մայրուղիով, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրե՛ք …. հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ: Դա միջպետական գլխավոր ճանապարհ է եւ ամենակարեւոր ճանապարհն է. եթե Դուք ինձ ցույց տաք այդպիսի ճանապարհ, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ ….. միջպետական ճանապարհին…. ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է: Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր. որեւէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ:
Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչն եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։ Մեր այն հարցին` այդ դեպքում ինչու են վերոնշյալ մարդիկ այդ կերպ փորձել իրենից վրեժխնդիր լինել, ԱԺ նախկին պատգամավորը ասաց, որ չգիտի. «Իրենցից պետք է հարցնեք` ինչի, եւ իրենց ով ասեց` գնացե՛ք արեք. ես այդ հարցերի պատասխանը չունեմ, ես այդ հարցի դեպքում միայն այս պատասխանը ունեմ, որ այդ մարդիկ պետք է ասեն` ե՛ւ պետության, ե՛ւ իմ դեմ ինչի համար են նման բան արել, կամ իրենց ով է կազմակերպել, որ գան նման բան անեն: Վերջ, է՛լ որեւէ բան չեմ կարող ասել»։
Ավելի մանրամասն՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում: