Գործը թողած` մեղավորներ է փնտրում․ Արսեն Թորոսյանի ձախողված ասուլիսի հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նախ հիշեցնենք, որ երեկ Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, ՀՀ վարչապետի տիկնոջ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել Թորոսյանին, ինչը նրան զայրացրեց, եւ վերջինս լքեց ասուլիսի սրահը: Եվ տապալված ասուլիսից ժամեր անց Թորոսյանը վերջապես որոշեց խոսել եւ մեղադրել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթին` ասելով. «Իմ դեմ արշավն սկսվեց հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով: Եթե մոնիթորինգ անենք, երկու օրը մեկ իմ մասին հոդված էր գրվում»: Թե ինչ է հասկանում Թորոսյանը՝ արշավ ասելով, դժվար է հասկանալ, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը եղել եւ մնում է բոլոր այն նախարարների քննադատը, որոնք ունեն ոլորտում ձախողումներ: Եւ Թորոսյանը ո՛չ առաջին, ո՛չ էլ թերեւս վերջին առողջապահության նախարարը կլինի, որին քննադատում ենք, եւ քննադատելու ենք, քանի դեռ քաղաքացին դժգոհ է առողջապահական ոլորտից, մատուցվող ծառայություններից ու մշակած քաղաքականությունից: Եւ զուր են նախարար Թորոսյանի ջանքերը՝ մեզ շանտաժի ճանապարհով լռեցնելու:

Ոլորտի անհաջողություններն ու պաշտոնական անկարողություններով պայմանավորված խնդիրները շտկելու փոխարեն նախարարը սլաքներն այս ու այն կողմ է ուղղում: Հատուկ Արսեն Թորոսյանի համար հայտարարում ենք` «Ժողովուրդ» օրաթերթին լռեցնել հնարավոր չէ: Հանգիստ նստե՛ք տեղներդ: Ու դրա փոխարեն լավ կլինի պարզաբանել` ինչու եք բժշկական կենտրոնների խորհուրդներում Ձեր մտերիմներին նշանակել, ինչու եք կրկնապատվել Ձեր կնոջ (նախկինում իր կողմից) ղեկավարած կենտրոնի պետպատվերը՝ դարձնելով 2,7 մլրդ դրամ, որը մատուցում է միայն ՄՌՏ եւ ԿՏ ծառայություններ, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ դրամի չի հասնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս