«Հնարամիտ» Բաքուն. փաստաթղթի ձևակերպումները պնդե՞լ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը փորձում է սեղմել բանակցային օղակը: Բաքուն հրապարակել է իր դիրքորոշումը՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, շեշտակի ադրբեջանական ձեւակերպումներով եւ ընդգծելով, թե բանակցելու է բացառապես իր այդ շարադրանքի շրջանակում: Ուշագրավ է, որ Բաքուն ինֆորմացիայի հոսքի լաբիրինթային տարբերակն է ընտրել. ադրբեջանական «APA» իշխանամետ լրատվական գործակալությունը, հղում անելով Ավստրիայում, Սլովակիայում եւ Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան թվիթերյան էջին, գրում է, որ Ադրբեջանը Բրատիսլավայի ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հակամարտության կարգավորման փուլային տարբերակին հակված Բաքուն իր այդ շարադրանքում գրել է. «Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»:

Հաջորդիվ Բաքուն պահանջում է ադրբեջանական բնակչության վերադարձ` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ: Եւ հետո միայն ընդգծում են, թե Բաքուն պատրաստ կլինի որոշել ԼՂ կարգավիճակը, բայց ինչպես այդ փաստաթղթում են շեշտում, Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:

Կարգավիճակի սահմանումն էլ, ադրբեջանցիների ձեւակերպմամբ, պետք է լինի խաղաղ պայմաններում, օրինական գործընթացների շրջանակներում, «Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական եւ ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական եւ ժողովրդավարական գործընթացում»:

Բաքվի իշխանություններն այս փաստաթուղթը, հիշեցնենք, շրջանառում են ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Բաքու կատարած այցից հետո: Իսկ երեկ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ)», Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նույն օրը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Հանդիպել են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Հանդիպումներից անմիջապես հետո, սակայն, ՀՀ արտգործնախարարությունը մանրամասներ չհաղորդեց: Առաջիկայում պարզ կդառնա թերեւս` պնդել է Բաքուն վերոհիշյալ իր փաստաթղթի ձեւակերպումները, թե ոչ:




Լրահոս