Հարց քաղաքացիներից՝ ինչո՞ւ է քաղաքացու մերժման դիմումը ուշացումով ուղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1981թ. աշխատում եմ տպագիչ. 1993թ. աշխատել եմ «Աստղիկ» գրատանը` որպես տպագիչ, այսինքն` 23 տարի, իսկ 2001-2013թթ. հոկտեմբեր ամիսը աշխատել եմ պետ համալսարանի տպարանում: Դիմել եմ սոցապ ծառայություն, որպեսզի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնեմ, սակայն արժանացել եմ վատ վերաբերմունքի: Նախ` իմ մերժման դիմումն ինձ տվել են 2,5 ամիս ուշ, ապա պատճառաբանել, որ համատեղ եմ աշխատել, հետեւաբար չեմ կարող անցնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի: Ուզում եմ հասկանալ, թե ինչու են ինձ մերժել, եւ ինչու է իմ մերժման դիմումն ուղարկվել ուշացումով:

Ավետիկ Նազարեթյան (ք. Երեւան, Նոր Նորք)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, մինչեւ 2014թ. հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 29 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում, մինչեւ 2014թ. հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: Կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշերի թիվ 1 եւ 2 ցուցակները, պաշտոնների թիվ 3 եւ 4 ցուցակները հաստատում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5 N 665-Ն որոշմամբ հաստատված կանոնների 39-րդ կետի համաձայն` եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար, ՀՀ կառավարության հաստատված N N1 եւ 2 ցուցակում նշված մասնագիտություններին եւ պաշտոններին ամբողջությամբ համապատասխանող տվյալներ, ապա աշխատանքի բնույթը հաստատվում է կազմակերպության տված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2012թ. հուլիսի 20-ի N 66-N հրամանով հաստատված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների N1 ցուցակը եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների ու ցուցանիշների թիվ 2 ցուցակների կիրառելու կանոնների 17-րդ կետի համաձայն` երբ կենսաթոշակ նշանակող մարմինների կատարած ստուգումներով հիմնավորվում է, որ աշխատողները կատարում են իրենց մասնագիտությանը չհամապատասխանող աշխատանքներ կամ աշխատում են համատեղությամբ, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում: ՀՀ կառավարության 2012թ. հունվարի 12-ի թիվ 12-Ն որոշմամբ հաստատված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող թիվ 1 ցուցակի XVII բաժնի («Պոլիգրաֆիական արտադրություն») թիվ 1190000-ա-16548 ծածկագրով նախատեսված են խորը տպագրության տպագիրչները, թիվ 1190000-ա 16554 ծածկագրով` մետաղագրական տպագրության տպագրիչները:

Ա. Նազարեթյանը ներկայացրել է «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ի տված տեղեկանքն այն մասին, որ նա «25.04.1993 թվականից աշխատում է պոլիգրաֆ արտադրամասում որպես տպագրիչ»: Սակայն տեղեկանքը տրված է առանց հիմքերի, դրանում առկա գրառումը հակասում է աշխատանքային գրքույկի գրառմանը, հետեւաբար այդ տեղեկանքը արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը հաստատող պատշաճ փաստաթուղթ համարվել չի կարող:

Բացի այդ, «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ում աշխատած ժամանակահատվածից 20.02.2001-01.11.2013թթ. ժամանակահատվածը արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նրա ստաժում հաշվառվել չի կարող նաեւ այն պատճառով, որ այդ ընթցաքում «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ում աշխատելուն զուգընթաց նա Երեւանի պետական համալսարանի ռոտոպրինտային արտադրամասում կարատել է արտոնյալ պայամաններով կենսաթոշակի իրավունք չտվող աշխատանք, այն է` աշխատել է համատեղությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքի բնույթը հաստատող տեղեկանքում նշվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` ՀՀ կառավարության հաստատած N N1 եւ 2 ցուցակներով նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը եւ ցուցանիշերը, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ատաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը, այն սկզբնական փաստաթղթերը, որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս