Գողացվածը պետք է վերադարձվի կոպեկ առ կոպեկ. Գևորգ Պապոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս դեկտեմբերի 12-ին հայրենի կառավարությունը հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանական ընդդիմությունն արդեն ներքին քննարկումներ է ունեցել ու դեմ արտահայտվել օրենքի նախագծին, որը պետք է ուղարկվի խորհրդարան: Բանն այն է, որ ընդդիմադիրների կարծիքով` այս օրինագիծը իշխանությունները օգտագործելու են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների դեմ, ու սա վերածվելու է վրեժխնդրության եւ ոչ թե իրավական կարգավորման միջոցով խնդրի լուծման:

Հիշեցնենք, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին` Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայումս գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները, եւ ամենեւին հստակ չէ, թե ում վրա է տարածվում: Կարող է ազդել ցանկացածի վրա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ:

-Պարո՛ն Պապոյան, Դուք ի՞նչ եք կարծում, արդյոք ճի՞շտ են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթները, որով կառավարությունն առաջարկում է Գլխավոր դատախազությանը համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց:

-Օրենքի նախագծին դեռեւս ծանոթ չեմ, քանի որ այն խորհրդարանում չէ, բայց գաղափարին ես դեմ չեմ, որովհետեւ սա հստակ է, ապօրինի ծագում, այսինքն` դա նշանակում է, որ որեւէ տեղից գողացվել է` կա՛մ պետությունից, կա՛մ այլ անձանցից, ժողովրդից, կա՛մ կաշառքի տեսքով է այն վերցվել, կա՛մ ապօրինի այլ գործարքի միջոցով է այն ձեռք բերվել, հետեւաբար, կարծում եմ, մենք այստեղ որեւէ խնդիր չեն ունենա: Բոլոր այն գործարարները, որոնք ազնիվ են աշխատել, բնականաբար իրենք որեւէ խնդիր չեն ունենալու, դա վերաբերելու է նրանց, ովքեր ապօրինություն են թույլ տվել:

-Ընդդիմության կարծիքով` սա կարող է դիտարկվել վրեժխնդրություն նախորդ իշխանությունների նկատմամբ: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

-Սա վրեժխնդրություն չի կարող լինել, սա ընդամենը գողերի ձեռքից ժողովրդի, պետության հարստությունը, գողացածը հետ բերելն է: Եթե որեւէ մարդիկ գողացել են, ու այսօր մարդիկ այդ գողացածը ակտիվորեն ներդնում են մամուլում, ինչ-որ ակցիաներ են կազմակերպում եւ այլն, որպեսզի այդ գողացվածի մեծ մասը պահեն, ապա մենք ասում ենք, որ այդ գողացվածը պետք է վերադարձվի կոպեկ առ կոպեկ, որովհետեւ դա ձերը չի, դա պետությանն է, դա ժողովրդինն է, եւ, այո, գողերը պետք է վերադարձնեն իրենց գողացածը, հանցագործները պետք է պատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար: Ապօրինությունն իրենց արածն է, այսինքն` դու ժողովրդի ունեցածը ապօրինի սեփականացրել ես, ու այն պետք է վերադարձվի: Սա վրեժխնդրություն չէ, սա օրենքի կիրառում է, որից կլինեն հստակ արդյունքներ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս