ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ պաշտոնյաները հասցրին լքել երկիրը, ում են փորձում հետ բերել իրավապահները. 2019 թվականի ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ իրավապահները մեկը մյուսի վրա են գցում Արագածոտնի մարզի դատարանի նախկին դատավոր Սամվել Ուզունյանի` Հայաստանը լքելու փաստը, ակնհայտ է, որ կատարվածում անգործության կամ «հանցավոր համագործակցության» համար պատասխանատու են ՀՀ գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը: Ինչո՞ւ. բացատրենք:

Ինչպես հայտնի է, 2018-2019 թվականներին իրավապահ համակարգը բազմաթիվ քրեական գործեր հարուցեց նախկին պաշտոնատար անձանց գործողությունների մասով, սակայն մինչ որոշեց նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, հայտնի պաշտոնյաները հասցրեցին լքել երկիրը: Նրանց մի մասին փնտրում են ու փնտրում, իսկ մի մասին էլ գտել են, բայց չեն կարողանում Հայաստան բերել:

Իսկ ովքե՞ր են նրանք:

Փաստ առաջին

Ինչպես հայտնի է, 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: 2019 թվականի հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով հետախուզում հայտարարվեց Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի նկատմամբ: Շուտով կլրանա մեկ տարին, սակայն Արամ Հարությունյանը չկա. իրավապահները փնտրում են:

Փաստ երկրորդ

Հեղափոխությունից հետո` 2019 թվականի հունվարի 24-ին, մի շարք աղմկահարույց քրեական գործերի հետ միասին նաեւ օֆշորային սկանդալի գործը վերաբացվեց ՀՔԾ-ում: Հեղափոխությունից 9 ամիս հետո նախաքննական մարմինը, ի դեմս ՀՔԾ-ի, հարցաքննության հրավիրեց Միհրան Պողոսյանին, սակայն նա այդպես էլ չեկավ հարցաքննության եւ այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում է: Ավելին, նա դիմել է Ռուսաստանի Դաշնությանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, ինչը բավարարվեց, եւ Միհրան Պողոսյանին ՌԴ-ն չտվեց ՀՀ իրավապահներին: Ի դեպ, հավելենք, որ միայն այս երկու նախկին պաշտոնատար անձինք չեն, որոնց իրավապահները չեն կարողանում հարցաքննության հրավիրել:

Փաստ երրորդ

«Մարտի 1»-ի գործով հետախուզում է հայտարարված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: Ավելին, այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը, գործը վերահսկող դատախազը, նկատվում է, որ բավական սրտացավ վերաբերմունք են դրսեւորել վերոնշյալ անձի նկատմամբ:

Փաստ չորրորդ

Բանն այն է, որ իրավապահները, մի շարք աղմկահարույց գործեր վերաբացելով, ոչինչ չարեցին կամ միգուցե արեցին, բայց անօգուտ: Եւ վերջնարդյունքում Արամ Հարությունյանը, Միհրան Պողոսյանը եւ մյուս աղմկահարույց գործերով անցնող մեղադրյալները կամ կասկածյալները հասցրեցին լքել երկիրը:

Տեւական ժամանակ իրավապահները չեն կարողանում Հայաստան բերել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին:

Փաստ 5-րդ

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանի դեմ հարուցված եւս մեկ քրգործ կա։ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում 2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում էր կայացվել` Լեւոն Սարգսյանին եւ վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել,եւ որպես խափանման միջոցընտրվել էր կալանավորումը։
2019 թվականին սեպտեմբերի 13-ին «Հյուսիս-Հարավ»-ի գործովորպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոցընտրեց կալանավորումը:

Փաստ 6-րդ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ է հայտարարվել հետախուզում: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպովձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեքտներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 եւ 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /Հանգստյան տուն 28/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ԱՐԱ ԼԵՌկոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել են հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։

Փաստ 7-րդ

ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, նույն ինքը` «Ալրաղացի Լյովիկը», ում հայտնաբերել են Մոսկվայում, մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար։ Հիշեցնենք, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Արդյունքում, այս տարվա նոյեմբերի 21-ին Լեւոն Սարգսյանը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց, եւ ներկայումս ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում քննարկվում է նրա արտահանձնման հարցը։

Փաստ 8 կամ հերթական ամոթը

Ու մինչ իրավապահները փնտրում եւ փորձում են ամեն գնով Հայաստան բերել վերոնշյալ պաշտոնյաներին, կատարվածը իրենց համար դաս չեղավ, եւ հերթական անգործության արդյունքում Արագածոտնի մարզի նախկին դատավոր, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործը քննած դատավոր Սամվել Ոուզունյանը լքեց երկիրը: Նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ գործով անցնում է Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը:

Այս գործը նույն օրը ԱԱԾ-ն դատախազության միջոցով ուղարկեց ՀՔԾ, եւ ՀՔԾ-ն այն վարույթ ընդունեց: Մոտ մեկ ամիս այս գործը գտնվում էր ՀՔԾ-ի վարույթում, սակայն նախաքննական մարմինը լռում էր: Եվ, ահա, դեկտեմբերի 21-ին ԲԴԽ-ն թույլ էր տվել նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել: Սակայն այս իրավիճակում մեկ մտահոգիչ հարց կա. ԲԴԽ-ն դեկտեմբերի 21-ին արդեն դատախազությանը դրական գնահատական էր տվել, որ կարող են դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, ու այդ որոշման հաջորդ օրը ոստիկանությունը հայտնել էր, որ նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ: Սակայն ոստիկանությունից չէին մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը:

Ըստ մամուլի` Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա Երեւան-Մոսկվա չվերթով, եւ հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռը ստուգելիս հայտնաբերել փամփուշտը: Ստացվում է, որ ոստիկանությունը օդանավակայանում նախկին դատավորին բռնել է, նրա մոտից հայտնաբերվել է փափուշտ, բայց Ոուզունյանն այդ իրավիճակում կարողացել է լքել երկիրը: Ինչպե՞ս, ո՞ւմ թեթեւ ձեռքով. սրանք հարցեր են, որ չունեն պատասխաններ:

Արդյոք այս գործը հսկող դատախազը չէր իմացել, որ Ուզունյանը երկիրը լքում է. ի վերջո, ոստիկանությունն այդ մասին հրապարակային հայտնել էր: Դատելով իրավիճակից` կա՛մ իրավապահները նախկին դատավոր Ուզունյանի հետ «հանցավոր համագործակցության» են գնացել, որ նա կարողանա երկիրըլքել, կա՛մ անգործության են մատնված եւ կատարվածը գցում են միմյանց վրա:

Հ.Գ.ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ` ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս