Կառավարության անդամներից ովքեր են ամենաշատը գործուղման մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ կառավարության անդամները գործուղման մեկնելուց հետո հաշվետվություն են ներկայացնում, որն էլ հրապարակվում է պաշտոնական կայքում։ Այն մանրամասն ներկայացնում է գործուղման մանրամասներն ու արդյունքները։ Նշենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում գործուղումներ բավականին շատ են եղել․ գործուղման են մեկնել նաեւ փոխնախարարներ։

Օրինակ դեկտեմբեր ամսվա ընթացքում նախարարներից երկուական գործուղման են մեկնել Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մեկական էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի գործուղումը եղել է Հնդկաստան՝ դեկտեմբերի 2-ից 4-ը։ Որպես արդյունք նշվում է, որ կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Հնդկաստանի առողջապահության նախարարների միջև` հետագա համագործակցության  ուղղությունները քննարկելու նպատակով:  Խոսվել է նաև բժիշկների փոխանակման ծրագրի մասին:

Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 4-ից 6-ը մեկնել  էր Բելգիա։ Նա այնտեղ մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին։ Հաշվետվությունից պարզ է դառնում, որ նախարարն այնտեղ ծավալուն ելույթ է ունեցել եւ անդրադարձել հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, դատաիրավական բարեփոխումներին։Արդարադատության նախարարը նաեւ եղել է Արաբական միացյալ էմիրություններում՝ դեկտեմբերի 15-20-ը։ Նա մասնակցել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին: Այնտեղ ներկայացվել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը երկարատև գործուղման  է եղել Իսպանիայում։ Նա այնտեղ մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային։ Նախարարն այնտեղ ելույթ է ունեցել և նշել որ Հայաստանում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ։

Իսկ ահա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դեկտեմբերի 22-25-ը եղել է Իրանում։ Այնտեղ տեղի է ունեցել հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նախարարը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եւ ելույթներով հանդես եկել։

 

 




Լրահոս