Ցերեկային կենտրոններ հաճախող երեխաներին ճանապարհածախս կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործող գիշերօթիկ հաստատությունները լուծարվել են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճգնաժամային իրավիճակում հայտնված եւ անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաների համար 2020 թվականից կգործեն նաեւ ճգնաժամային աջակցության կենտրոններ Երեւան, Գյումրի եւ Կապան քաղաքներում: Այս կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքը կիրականացվի առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Դրանք կբացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների շրջանակում՝ ոլորտի ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում գոյացած խնայված միջոցների հաշվին: Ընթացիկ տարում նախատեսվում է ստեղծել նաեւ անկախ ապրելակերպի ուղեկցող ծառայություններ, որոնք կաջակցեն 16-23 տարեկան անձանց՝ ձեռք բերելու անկախ կյանքով ապրելու եւ մասնագիտական հմտություններ:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սոցապ նախարարությունը մտադիր է երեխաների ցերեկային կենտրոններում ծառայություններ ստացող երեխաներին տրանսպորտի գումարով ապահովել:

Ցերեկային կենտրոնների շահառուները հիմնականում տվյալ համայնքի կամ մոտակա այլ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, որոնցից շատերին կազմակերպություն հաճախելու համար անհրաժեշտ է օգտվել տրանսպորտից: Գումար չունենալու պատճառով երեխան հաճախ կենտրոն չի հաճախում:

Մեզ հայտնի դարձավ, որ շահառուներին առձեռն կտրամադրվի ամենօրյա կամ քարտային շաբաթական երկկողմանի ճանապարհածախս: Երկկողմանի ճանապարհածախս կտրամադրվի մինչեւ 7 տարեկան շահառու երեխաներին, քանի որ նրանք կազմակերպություն են հաճախում անձի ուղեկցությամբ: Ի դեպ, երկկողմանի ճանապարհածախս կտրամադրվի նրանց, որոնք բնակվում են կազմակերպությունից առնվազն 500 մետր հեռավորությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկկողմանի ճանապարհածախս կտրվի հաշմանդամության կարգավիճակ ունեցող շահառուներին՝ անկախ ճանապարհի հեռավորությունից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս