ՆԵՐՔԻՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ ռազմական արդեն նախկին ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին աշխատանքից ազատելը Ռազմական ոստիկանությունում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: Անգամ բանը հասել է այնտեղ, որ ՊՆ ղեկավար կազմը ՌՈ պաշտոնատար անձանց զգուշացրել է վերջ տալ ներքին տարաձայնություններին:

Ինչպես հայտնի է, փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանությունում փակ խորհրդակցություն անցկացրեց, որի ժամանակ հրաժեշտ տվեց ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանին, եւ ՌՈ պետ նշանակվեց օպերատիվ գծով պետի տեղակալ գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը: Այս փոփոխությունները Ռազմական ոստիկանությունում սկսվեցին այն բանից հետո, երբ հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը բանակում ունեցանք 13 զոհ:

Իսկ ի՞նչ տարաձայնություն է եղել
Ալեքսանդր Աղաջանյանի նշանակումից հետո ՊՆ-ում եւ Ռազմական ոստիկանությունում կրքերը չեն հանդարտվում, եւ այս նշանակումից հետո սկսել են տարբեր քննարկումներ եւ խոսակցություններ ծավալվել: Մասնավորապես, Ռազմական ոստիկանությունում հիշել են, թե Ալեքսանդր Աղաջանյանի նշանակումից հետո ՌՈ-ում ինչ կրքեր են հասունացել: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել , որոնցից մեկն էլ եղել է ներկայիս նշանակված ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը: Ըստ Ռազմական ոստիկանությունում տարածված լուրերի՝ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում հայտնվել է Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել:
Ավելին, ՌՈ-ում աշխատանքային տարաձայնությունը այնքան թեժ է եղել, որ հանդարտեցնելու գործին խառնվել է ՊՆ ղեկավար կազմը: Մասնավորապես, ե՛ւ նախկին ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին, ե՛ւ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին զգուշացվել է, որ պետք է ներքին տարաձայնություններին վերջ տալ եւ աշխատել՝ ի նպաստ բանակի, ինչից հետո իրավիճակը քիչ թե շատ հանդարտվել է, սակայն կողմերը շատ հարցերում շարունակել են տարբեր կերպ գործել:
Ավելին, Ռազմական ոստիկանությունում տարածված լուրերի համաձայն՝ ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը միայն Ալեքսան Աղաջանյանի հետ չէ, որ խնդիրներ է ունեցել: Նա, ինչ-ինչ հանագամանքներից ելնելով, իր նշանակումից հետո տարբեր անձանց է աշխատանքից ազատել, որոնք էլ ՌՈ նախկին պետից վրեժխնդիր լինելու համար նրա գործունեության մութ կետերի մասին իրավապահներին են որոշ մանրամասներ հայտնել, եւ գործին խառնվել է ԱԱԾ-ն ու սկսել քննություն:
Չի բացառվում, որ Ռազմական ոստիկանությունում առկա լարված իրավիճակը, ՌՈ նախկին պետի գործունեության մասով իրավապահների քննությունն ու բանակում գրանցված ողբերգական դեպքերը պատճառ դարձան, որ ՊՆ-ն հրաժեշտ տա ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին:

Մաքրման գործընթաց
Այսքանով, սակայն, ՌՈ-ում սպասվող իրադարձությունները չեն ավարտվում: Արդեն հայտնել էինք, որ փետրվարի 22-ին նախարար Տոնոյանը ՌՈ-ում փակ խորհրդակցություն էր ունեցել եւ կոնկրետ հանձնարարականներ էր տվել ՌՈ ներկայիս պետ Ալեքսանդր Աղաջանյանին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ալեքսանդր Աղաջանյանին ՌՈ-ում բավականին լուրջ ու բարդ աշխատանք է սպասվում: Մասնավորապես, Ռազմական ոստիկանության օպերատիվ գծով բաժնի աշխատակիցների մեծ մասն աշխատանքի է ընդունվել «բարեկամ, քավոր, հարազատ» սկզբունքով, եւ Ալեքսանդր Աղաջանյանը կոնկրետ հանձնարարական է տվել՝ օպերատիվ գծով բաժինը մաքրեն եւ սկսեն նոր էջից: Կհաջողվի նրան, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Դատական համակարգը պատրաստվում է այսօրվա աղմկալի նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ որոշում է կայացվել ուժեղացնել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հսկողությունը:
Բանն այն է, որ այսօր դատարանում քննվելու է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, որը, ըստ կանխատեսումների, բավականին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանը, չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնի: Համենայնդեպս, երբ գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, նա ասել է, որ չի ցանկանում այդ գործը քննել: Դատավորին բացատրել են, որ համակարգիչը ընտրել է իրեն, եւ այլ տարբերակ չունի, պետք է քննի: Իսկ ո՞րն է դատավորի կաշկանդվածության պատճառը:
Բանն այն է, որ դատավոր Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ դատական համակարգում առաջին քայլերը անելու եւ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը:
Բայց, չնայած այս իրողությանը, դատական համակարգի պրոֆեսիոնալները կարծում են, որ դա հիմք չէ դատավորի համար ինքնաբացարկ հայտնելու: Ուստի հետաքրքիր է, թե ինչ է սպասվում այսօր դատարանում:
Ինչպես հայտնի է, երրորդ նախագահի քրեական գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Ըստ մեղադրանքի՝ քննվող դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին: Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» եւ «Ֆլեշ» ընկերությունները: Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանն անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ, եւ բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօրվա դատական նիստին պատրաստվում են նաեւ Հանրապետական կուսակցության անդամները: Նրանք հավաքվելու են դատարանի առաջ, որպեսզի սատարեն Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչ կլինի, սպասենք զարգացումներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՀԵՏԱԶՈՏՎԵԼ ԵՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, երեկ շարունակվել է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը: Դատարան է ներկայացել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա այս քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ: Հետազոտվել են գործում առկա տեսանյութերը: Դրանցից մեկը 2018թ. ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութն է, մյուսը՝ ապրիլի 22-ին Արցախի փողոցում տեղի ունեցած ակցիաների տեսանյութը, որոնց ժամանակ բերման էին ենթարկվել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Լ. Երանոսյանը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին:

 

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Փետրվարի 22-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու: Տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհին վիճաբանության ժամանակ 17-ամյա մի պատանի սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել իրեն հասակակից համագյուղացուն: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին՝ ժամը 00.40-ին, պատանին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել:

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Նախօրեին Երեւանի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերեւույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպչել են բեռնախցիկի ծածկոցին եւ գազի գլանանոթի երկաթյա կաղապարին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել է քաղաքացու ուղղությամբ հրազենից առերեւույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը:

 

 

 

ՔՐԳՈՐԾԵՐ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում չարաշահումների դեպքերով Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել: Ուսումնասիրությունները կատարվել են Լոռու մարզի դատախազությունում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա: Նկատի առնելով, որ ուսումնասիրություների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առերեւույթ հատկանիշներ պարունակող տվյալներ, երկու քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով:




Լրահոս