Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում են այն հարցը, թե ինչպես անեն ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության երկարացման կամ այն ապրիլի 14-ին ավարտված համարելու ուղղությամբ: Բանն այն է, որ արդեն հստակ է՝ ՀՀ մարզերում տարածվել է կորոնավիրուսը, ու արտակարգ դրությունը հանելով՝ մարզերը պարզապես կդառնան անվերահսկելի, ու վիրուսի տարածումը հնարավոր չի լինի կանխել:
Իշխանության ներկայացուցիչները տեղեկություններ են ստանում, որ արտակարգ դրության պայմաններում էլ դեռեւս մարզերում բնակիչները քեֆեր են անում, մեծ միջոցառումներ կազմակերպում, ինչի համար էլ իշխանությունը տարակուսում է արտակարգ դրությունը չերկարացնելու հարցում:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններին այս օրերին անհանգստացնում են հիմնականում Կոտայքի, Սյունիքի եւ Արմավիրի մարզերը, որտեղ վերահսկողությունը ավելի է ուժեղացվում: Պարզվում է, որ օրենսդիրների կողմից այդքան հապշտապ ընդունած տեղորոշման նախագիծն էլ դեռեւս իր արդյունքը չի տվել, ինչի համար իշխանությունները ելքեր են փնտրում կոնտակտավոր անձանց վերահսկելու համար:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք այս օրերին ինչ աշխատանքներ են իրականացնում եւ ինչ տեղեկություններ ունեն վիրուսի տարածման վերաբերյալ:
Կանխարգելում, բնականաբար, իրականացվում է, բայց որեւիցե երկրում 100% կանխարգելում չի կարող լինել, որ դու ասես նման կանխարգելում եմ իրականացրել: Արվում է առավելագույնը, այն, ինչ հնարավոր է անել, արվում է, բայց այդ դեպքում էլ հնարավոր է հայտնաբերվի վարակակիր, որը, ասենք, տաս կամ հինգ օր առաջ շփում է ունեցել»,-հայտարարեց պատգամավորը: Մեր զրուցակիցը նշեց, որ այնպես չէ, որ մարզերում պակաս միջոցառումներ են իրականացվում, քան դա արվում է Երեւանի համար:
Պատգամավորը նշեց նաեւ, որ այլ տեղեկատվություն ինքը չունի մարզերի իրավիճակի հետ կապված: «Այժմ բժիշկների վերապատրաստում է ընթանում ազգային ինստիտուտում, հավաքագրում են, վերապատրաստում են ու ուղարկում են կամ պահեստային են պահում, եթե կարիքը եղավ բժշկի փոխարինելու, որպեսզի փոխարինեն»,-եզրափակեց իմքայլականը:
Սոնա Գրիգորյան