ՀԱՅՏՆԻ ՀԱՅՐԻԿՆԵՐՆ ՈՒ ՉԾԱՌԱՅԱԾ ՈՐԴԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  ապրիլի 21-ին գրել էր, որ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել,  ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են նրանք ազատվել ծառայությունից: Փորձել էինք հարցերի պատասխանը ստանալ զինվորական դատախազ Վահե Հարությունյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, ասել էր, որ դիմենք լրատվական բաժին: Իսկ, ահա, Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնել էին. «Ձեր ունեցած տեղեկությունները մեծ չափով իրականությանը չեն համապատասխանում:

 

Նախ՝ զինվորական դատախազը Ձեր նշած զորակոչի տարիքի որդի չունի: Երկրորդ՝ նրա որդիները հաշվառված են պահեստազորում, նրանք զինվորական ծառայությունից ազատվել են՝ օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ հետազոտությունների եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից հաստատված, զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ ընթացքում Վ. Հարությունյանը չէր զբաղեցնում ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, ինչը փաստում է, որ անհիմն են նրա պաշտոնեական կարգավիճակի հետ կապելու բոլոր փորձերը: Իսկ իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել իրավասու պետական մարմնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հաշվի առնելով, որ վերջինս է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում տվյալ տեղեկատվությունը տնօրինող մարմինը»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն, որի պատասխանի մեջ էլ հենց թաղված է շան գլուխը: ՀՀ ՊՆ  գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունից ստացված գրության մեջ կարդում ենք. «Ի պատասխան  ՀՀ պաշտպանության  նախարարին հասցեագրված  Ձեր  հարցման՝ հայտնում եմ, որ 17.05.1993 թվականին ծնված Պետրոս Վահեի Հարությունյանը եւ 06.06.1996 թվականին ծնված Էրիկ Վահեի Հարությունյանը, օրենքով սահմանված հիմքով, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Հայտնում եմ նաեւ, որ նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական  տվյալների  մասին»  ՀՀ օրենքի  եւ «Տեղեկատվության  ազատության  մասին»  ՀՀ  օրենքի  8-րդ հոդվածի  1-ին մասի  2-րդ  կետի պահանջները: Ձեզ հետաքրքրող  տեղեկատվությունը  ստանալու համար  կարող եք դիմել  Պետրոս Վահեի Հարությունյանին  եւ Էրիկ Վահեի Հարությունյանին»: Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն հաստատել է մեր հրապարակած տեղեկությունը՝ հայտնելով, որ իրապես զինդատախազի որդիները չեն ծառայել հայկական բանակում, իսկ թե ինչու, որոշել է այդ մասով թաքնվել «անձնական  տվյալների» անվան տակ:

Նախկիններն  ու ներկաները

Այն, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց քննություն  նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի շուրջ, բավականին կարեւոր ու ողջունելի քայլ էր: Ի դեպ,  այս հանձնարարականը տվել էր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը՝ հրահանգելով  ստուգել  նախկին ու գործող բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը: Արդյունքում, իրավապահները քննեցին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքերը, քրեական գործ  հարուցվեց Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝՝փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Նախկին մարզպետի որդին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի մասով եւս հարուցվել էր քրեական գործ: Արդյունքում պարզվեց, որ  Տ. Խաչատրյանը զինծառայությունից ազատվել է՝ օրենքով սահմանված հիմքով, իսկ, ահա, Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւս մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պատգամավորի որդին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին եւս մեղադրանք էր  առաջադրվել զինվորական ծառայությունից ապօրինի հիմքով ազատվելու համար: Սակայն այս գործով քննությամբ պարզվեց, որ Ղուկասյանի որդին օրինական հիմքով է բանակից ազատվել:

Չի եկել

Իրավապահները նաեւ քննել են Տավուշի նախկին  մարզպետ Հովիկ  Աբովյանի որդու՝ բանակից ազատման հիմքերը: Այդ մասով եւս իրավապահները քննություն են իրականացրել եւ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, անգամ չեն կարողացել նախկին մարզպետի որդուն  քննչական մարմին հրավիրել:

Պաշտոնյա հայրիկների որդիները

Այսքանով ավարտվեց նախկին պաշտոնյաների դասալիք որդիների մասով իրականացվող քննությունը: Սակայն պարզվում է՝ նոր Հայաստանում եւս կան նման արտոնյալ պաշտոնյաներ, որոնց որդիները բանակում չեն ծառայել, սակայն այդ անձանց մասով քննություն չի ընթանում: Հետաքրքիր է՝ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, իր զինծառայությունն անցկացնում է Արցախում, ինչո՞ւ քննության առարկա չի դառնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու ծառայության ձեւաչափը, երբ զորամասից զորամաս է տեղափոխվում եւ, ըստ լուրերի, արտոնյալ կարգավիճակ ունի: Ինչպես հայտնի  է, Արտակ Դավթյանի որդին զորակոչվել էր բանակ: Սկզբում սովորել է ռազմական ուսումնարանում, սակայն այնտեղ խնդիրներ են առաջ եկել, եւ նրան տեղափոխել էին ծառայության, ոչ ավել ոչ պակաս, ՀՀ ՊՆ N Վայոց ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ա. Դավթյանի տղան ծառայում է այնպիսի զորամասում, որը սահմանամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները: Մամուլը գրեց նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու` Լ. Քոչարյանի՝ բանակում չծառայելու վերաբերյալ: Մյուս աղմկահարույց խնդիրը ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որդիների` Էրիկ եւ Պետրոս Հարությունյանների՝ բանակում չծառայելու փաստն է: Հետքարքիր է՝ ինչու քննություն չի ծավալվում այս եւ գուցե նաեւ այլ պաշտոնյաների մասով, որոնք ունեն դասալիք որդիներ:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է 6.5 ՄԼՆ ԴՐԱՄԱՆՈՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

2020թ. ապրիլի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Դ. Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ, 58-ամյա Աբրահամ Ք.-ն ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19:00-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռեւս անհայտ պայմաններում մտել են իր տուն եւ այնտեղից գողացել մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր եւ գումար: Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ:

 

Հայտնի էր դարձել, որ Աբրահամ Ք.-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է? Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ այս դեպքով ձերբակալվել է Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 32-ամյա Սեւակ Բ.-ն, որը կասկածվում է Ավետ Բարսեղյանի աներոջ բնակարանից գողություն կատարելու մեջ: Իսկ ո՞վ է Սեւակ Բ.-ն: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս Սեւակ Բաբայանն է, որը ապրում է Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցում եւ եղել է Ավետ Բարսեղյանի աներոջ հարեւանը: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Armlur.Am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սեւակ Բաբայանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում: Մեզ հայտնի դարձավ, որ նա 2012թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից մինչեւ 03:00-ն ընկած ժամանակահատվածում, եվրաարտադրության պատուհանի բաց փեղկի միջատապաշտպան պլաստմասե ցանցը հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել Ա. Քոթանջյանին պատկանող Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի 23 շենքի թիվ 2 բնակարան եւ ննջասենյակի փայտյա սեղանի վրայից գաղտնի հափշտակել Ա. Քոթանջյանին պատկանող տարբեր արժողության ոսկյա զարդեր, գումար, «Կոնվերսբանկ»-ի «Վիզա Կլասսիկ» քարտ, սուպերմարկետների ցանցի կուտակային քարտ, թղթի վրա գրված իր բջջային հեռախոսի քառանիշ թվերից բաղկացած «պին» եւ «պուկ» գաղտնաթվերը եւ տարբեր այցեքարտեր` Ա. Քոթանջյանին պատճառելով խոշոր չափերի հասնող ընդհանուր 800.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Եվ, ահա, դատարանը նրան այս արարքի համար ազատազրկման է դատապարտել 4 տարի ժամկետով: Ի դեպ, վճիռը կայացնող դատավորն էլ եղել է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին` Արտակ Զախարյանը:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ

Երեկ  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետեւ ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: ArmLur.am-ը տեղեկացել է, որ երեխաներին պատուհանից գցել, ապա ցած է նետվել 40-ամյա տղամարդը: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ նա իր կնոջ հետ ամուսնալուծված է եղել: Նախնական տեղեկություններ են հասել, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մի քանի օր առաջ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 40-ամյա տղամարդը զանգահարել է կնոջը, ասել, թե երեխաներին շատ է կարոտել եւ ցանկանում է տեսնել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մայրը երեխաների հետ երեկ գնացել է այնտեղ, երկար ժամանակ մնացել են, սակայն հարեւանները ոչ մի արտառոց ձայներ չեն լսել, չեն նկատել, չնայած բոլորն էլ իմացել են, որ իրենք ամուսնալուծված են: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկոյան տղամարդն ասել է, որ ուշ է, մնան եւ առավոտյան գնան, իսկ արդեն առավոտյան տեղի է ունեցել դեպքը:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ տղամարդու մասով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի մասով (ինքնասպանություն), իսկ երեխաների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն):

Հավելենք, որ բոլորը տղամարդուն դրական են բնութագրում, այդ թվում՝ կնոջ հարազատները:

 

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Նախօրեին՝ մայիսի 4-ին, ականապայթյունային մահացու վիրավորում էր ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թվականին  ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ  զինծառայողները խմբով գնացել են ինժեներական աշխատանքներ կատարելու, ինչի ժամանակ էլ  ականի պայթյունից զինծառայողը զոհվել է: Հավելենք, որ 32-ամյա Տարոն Ռուբիկի Պողոսյանը Արարատի մարզի բնակիչ էր:

Նշենք, որ դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

Ք.Մ

 

 

 

 




Լրահոս