Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հետ Armlur.am-ը զրուցել է նրա հրաժարականի պատճառների մասին:
-Պարո’ն Գոգյան, Դուք երեկ հայտարարեցիք, որ հրաժարականի դիմում եք ներկայացրել ու ըստ մեր տեղեկությունների` դա կապված է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա գրագողություններին, որը ցանկացել եք բարձրաձայնել ու Ձեզ թույլ չեն տվել: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները:
-Ես նշել եմ հրաժարակաների շերտերի մասին ու երկրորդ շերտը դրա մասին է: Ոչ թե ցանկացել եմ բարձրաձայնել, այլ ես միշտ կարծել եմ, որ այդտեղ կա լուրջ խնդիրներ՝ անհամատեղելի գիտնականի հետ, բայց կանոնադրությամբ ես իրավունք չունեմ այդպես հելնեմ ու հայտարարություններ անեմ: Հանձնաժողով էր ձեւավորվել, որը եզրակացություն է ներկայացրել, որի հետ ես համաձայն չեմ առանձնապես, դրա մասին ես ներքին շրջանակում ասել եմ:
-Խնդրում եմ կոնկրետ ասեք՝ ինչի՞ հետ համաձայն չեք, այսինքն հանձնաժողովը համարում է, որ գրագողություն չի եղե՞լ:
-Ասել են խնդիրներ կան, որոնք չեն նսեմացնում, գիտական վաստակն են գովել, մինչ դեռ բողոքը գիտական արժեքի մասին հարց չէր էլ տալիս: Այսպես ասած հարցնեն, արդյո՞ք ճիշտ է, որ Գոգյանի քիթը մեծ է, պատասխանեն, զատո աչքերը սիրուն են: Այսինքն հարցերին, այդպիսի պատասխաններ չի լինում:
-Այսինքն, Դուք այլ հարց էիք բարձրաձայնե՞լ, բայց ընդհանրապես այլ ձեւաչափով են պատասխանել:
-Ես համարել եմ միշտ, որ Ռուբեն Հայրապետյանի եւ Դիանա Գալոյանի ատենախոսները նույն մակարդակի վրա են իրենց թերություններով:
-Ըստ մեր տեղեկությունների, Դուք այդ ամենի մասին բարձրաձայնել եք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ…
-Ընդհանուր իմ դիրքորոշումը իմացել են բոլոր ներքին շարջանակները:
-Մենք տեղեկություններ ունենք, որ մոտ 4 ամիս է, ինչ Դուք փորձել եք նախարարի հետ հանդիպում ունենալ այս հարցի հետ կապված, բայց նախարարը Ձեզ չի ընդունել:
-Փորձեր կան, բայց ես հունվարից նախարարի հետ չեմ հանդիպել, ախր գրագողությունը չի միայն ԲՈԿ-ի գործը, հազար ու մի հարցեր կան, ցանկություն կա դրանք քննարկելու: Մեր նախարարությունը շատ մեծ է, հերթը չի հասել ինձ:
-Քննարկվում է նաեւ այն հարցը, որ եթե նախարարի, վարչապետի հետ հանդիպում, քննարկում լինի, Դուք հետ վերցնեք Ձեր դիմումը, նման քայլի կդիմե՞ք:
-Ես կոչերով չեմ առաջնորդվում: Ամեն դեպքում, իմ ներքին գաղափարախոսություններն են իմ շարժիչ ուժը, չեմ ուզում առաջ ընկնել, թե ինչպես կլինի, ոնց կլինի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ