ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը լուծելու ուղղությանբ օգնելու համար: ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այս մասով հայտնում է.
«Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։
Սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող այսքան երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հետևաբար, ուզում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։
Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։
Այսպիսով, թեև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնական ուղու հետ, բայց այն, միևնույն է, հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի»։