Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժում են անցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր է ավագ սերնդի համար՝ 65 տարեկանից բարձր անձանց: Տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, կուտակվում են մի շարք հիվանդություններ, խորանում է ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը: Չնայած բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, վարակը երբեմն հասնում է բարձր տարիքի մարդկանց: Այդուհանդերձ, ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրւսով վարակված 2 կին բուժման հաջող ընթացք են ունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունավի վերականգնողական հիվանդանոցում»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն:
Նշվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը: