Մայիսի 26-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Այս պահին օրակարգում 4 հարց է ընդգրկված: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրինակ օրակարգում ընդգրկված չորս հարցերից մեկով «Ալեքսանդր Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք է տրվելու: Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, այս ընկերության հիմնադիրը Գևորգ Վալերիի Համբարձումյանն է և «Մոնարխ» ՍՊԸ-ն:
Որոշումներից մեկով էլ «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք է տրամադրվելու: Ներկայացվող նախագծով առաջարկվում է երկարաձգել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց հ.43/2, Խաղաղ Դոնի փողոց հ.1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, ԱվանԱռինջ թաղ. 1-ին միկրոշրջան, Եղ. Թադևոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները և կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր՝ Պարոնյան հ.20/4 և Ազատության հ.12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ շարունակ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Նաիրա Հովհաննիսյան