«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ բացահայտնել է սկսնակ երգչուհի Անգելինա Ավետյանին: Երգչուհին մեզ հետ զրույցում խոսել է արտաքին տարբերվող տեսքի, հոգաբանական բարդույթների եւ այլ հետաքրքիր հարցերի մասին:
-Անգելինա՛, Ձեր վերջին տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ հունվար ամսին, դրանից հետ, կարծես թե, նոր տեսահոլովակ չեք նկարահանել: Ի՞նչ նորություններ ունեք Ձեր լսարանի համար:
-Գիտեք, ես 5 տեսահոլովակ իրար հետեւից հանձնեցի հանդիսատեսի դատին, դա շատ լայնածավալ աշխատանք է, հիմա կրկին պատրաստում եմ բազում նորություններ, բայց չեմ բացի փակագծերը:
-Նոր տեսահոլովակ, միգուցե զուգերգ սպասվո՞ւմ է:
– Բնականաբար, մտածում եմ, բայց նոր աշխատանքները պետք է ավելի լավը լինեն նախորդներից, քանի որ ես իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ, երբ ամեն բան իդեալական է: Չեմ ցանկանա փակագծերը բացել:
-Անգելինա՛, վերջին շրջանում համացանցում բուռն քննարկվում եւ քննադատությունների էր ենթարկվում Ձեր արտաքին տեսքը, սակայն Դուք Ձեր հարցազրույցներից մեկում հերքել էիք բազմաթիվ վիրահատությունների մասին լուրերը: Ի՞նչ վիրահատական միջամտությունների եք դիմել:
– Մարդիկ սովոր են տեսնել նույնը, եւ երբ տեսնում են տարբերվող անհատի, սկսում են քարկոծել, անգամ չեն փորձում ընկալել այդ մարդուն` ով է: Ես ուղղակի ամբողջությամբ հայ չեմ, այդ իսկ պատճառով էլ իմ արտաքինը տարբերվող է, բայց ոչ արհեստական:
-Իսկ ո՞ր ազգի խառնուրդ եք, ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը:
-Ես հայ եմ եւ հպարտ եմ, այսքանով ես տվեցի այդ հարցի պատասխանը, ես սիրում եմ իմ երկիրը եւ իմ ազգին:
-Մինչ երգով պրոֆեսիոնալ զբաղվելը ի՞նչ մասնագիտություն եք ունեցել: Ինչո՞վ եք զբաղվել:
– Ես ավարտել եմ Երեւանի պետական մանկավարժական համալսարանը՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, անգամ որոշ ժամանակ աշխատել եմ թերթի խմբագրությունում:
-Շատ հայտնիներ ունեն բարդույթներ՝ լինի դա հոգեբանական, թե արտաքին: Դուք ի՞նչ բարդույթներ ունեք:
– Գիտեք, ես շատ աստվածավախ մարդ եմ, եթե կա Աստված, չի կարող լինել որեւէ բարդույթ:
-Դուք Ձեզ «աստղ» համարո՞ւմ եք:
-Աստղերը երկնքում են, բայց ես ինձ համարում եմ հանրային մարդ, քանի որ յուրաքանչյուր վայրում նկատում եմ, դեպի ինձ եկող սերը մարդկանցից:
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երգչուհիներին:
– Սկսնակներին խորդհուրդ կտամ, որ լինեն ամուր, սա այնպիսի բնագավառ է, որ մարդ, եթե ամուր չլինի, չունենա կամքի ուժ, կկոտրվի:
-Ձեր ինստագրամյան էջում նկարներ տեղադրելու հետ մեկտեղ նաեւ սիրային, թախծոտ մեկնաբանություններ եք թողնում: Կա՞ անձնական կյանքում մեկը, ում համար տանջվում եք:
– Ես արվեստի մարդ եմ, եւ իմ անձնականում ոչ մեկ չկա, իսկ գրառումներս կապված են ներքին հոգեբանական վիճակիս հետ: Ամեն օր տարբեր հոգեբանական վիճակ է՝ կախված շատ հանգամանքներից: Իսկ հենց սիրուն չեմ հավատում եւ երբեք չեմ սիրել ես, ինձ սիրել են, եւ ունեցել եմ բազում ամուսնության առաջարկներ, բայց պատասխան չեմ սիրել, ես չեմ սիրել երբեք եւ չեմ հավատում:
-Եվ վերջում, կորոնավիրուս համաճարակին ինչպե՞ս եք վերաբերվում, ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ կավարտվի այս ամենը: Ինչպե՞ս կհաղթահարենք այն:
-Կորոնավիրուսը միգուցե հենց աղետ է Աստծո կողմից մեզ, որովհետեւ մարդիկ այնքան սխալներով են ապրում, սա պատիժ է, որպեսզի մարդիկ սթափվեն:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇ ԳՈՐԾԵՑ»
«Ամենակարեւորը մարդիկ պետք է հետեւեն հիգիենայի կանոններին, թեեւ մի քիչ ծիծաղելի է հնչում, քանի որ մինչեւ այս վիրուսն էլ ամեն օր ձեռքերը լվանում էին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է կոմպոզիտոր, ջազմեն, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակին եւ կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին:
«Պետք է յուրաքանչյուրի մոտ լինի պատասխանատվության զգացողություն այն պատճառով, որ ոչ թե ես կարող եմ վարակվել, այլ կարող եմ վարակել, գոնե մի հարցում միասնություն մենք պետք է ունենանք անպայման, չփնտրենք մեղավորներ, թե արհեստական է, բնական է, բոլոր միկրոբները ձեւավորված գոյություն ունեն, պարզապես մի տարբերակը սկսում է զարգանալ եւ մնացյալ հիվանդությունների օժանդակել, այ դրա համար է հարկավոր զգույշ լինել: Կցանկանայի մեկս մյուսի նկատմամբ ավելի հանդուրժող լինել, զիջողականությունն առաջին հերթին լավագույն դեղամիջոցներից մեկը կարող է լինել, չնայած որ պարադոքսալ է հնչում: Պատասխանատվություն, փոխադարձ հարգանք, եւ պատրաստ լինել թեկուզեւ ձեռնոցով մեկս մյուսին ձեռք մեկնել: Ցանկանում եմ բոլորին առողջություն եւ ուշադրություն մեկս մյուսի նկատմամբ: Սա այն դեպքն է, երբ օգնությունը կայանում է նրանում, որ ես վնաս չտամ»,-ընդգծեց կոմպոզիտորը: Մարտին Վարդազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կանխատեսումներ անել չի սիրում, բայցեւ կարծում է, որ այս քաոսը շուտով կավարտվի. «Յուրաքանչյուր մարդու կյանքի կորուստը ցավալի է, բայց հույսով եմ շուտով՝ կհաղթահարենք սա. մարդն ամեն ինչ էլ կարող է հաղթահարել»:
Խոսելով երկրում ձեւավորված անհանդուրժողական մթնոլորտի մասին՝ Մարտին Վարդազարյանը նկատեց. «Դա հենց հիվանդության սիմպտոններից մեկն է, այն թաքնված հիվանդությունը, որը յուրաքանչյուրի մեջ կա այս կամ այն չափով, եւ հիմա կարեւորն այն է, որ այս «ես»-ը մյուս «ես»-ին վնաս չհասցնի, այդ «ես»-ը ուրիշին չնսեմացին, չվիրավորի, նույնիսկ եթե կանխամտածված չէ, պետք է մինչեւ տասը հաշվել, նոր պատասխան տալ, իսկ չհաշված պատասխանը էմոցիոնալ պատասխան է»:
Մեր զրուցակցի հավելմամբ` նա կառավարության գործողությունները վիրուսի կանխարգելման գնահատում է ուշացած, սակայն նշում է՝ գոնե հիմա պետք է հնարավորինս պահպանել սահմանված բոլոր կանոնները՝ հանուն մեր եւ մեր մերձավորի առողջության:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ