ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի մասնակցությամբ նիստը։ Նիստը ընթանում է սակայն փակ ընթացակարգով։ Այդպիսի առաջարկ է հնչեցրել հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Գոգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն որակավորման նախահագի պաշտոնից՝ նշելով, որ կրթության ու գիտության բարեփոխումների վերաբերյալ իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ՝ կարծիք հայտնելով, որ ռեկտորն իր պաշտոնն առ այսօր զբաղեցնում է՝ ունենալով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորությունը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին կոչ էր արել իրավապահներին այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։