«ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵՆ ՍԻՄՎՈԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում որեւէ մեկն այդպես էլ չհիշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, ամեն պատահածի կոչում ու շքանշան տվեցին, բայց ոչ նրանց: Կոմիտեի անդամներից Աշոտ Մանուչարյանը, սակայն, երկրորդական է համարում շքանշաններն ու պարգեւները, նա ահազանգում է, որ երկիրը ծանր վիճակում է հայտնվել:-Հայաստանի անկախությունը 20 տարեկան է: Այն իղձերն ու երազանքները, որ ունեիք 20 տարի առաջ, որքանո՞վ իրականացան:-Ներկայիս իրականությունն, ըստ էության, որեւէ կապ չունի 20 տարի առաջ ոչ միայն մեր՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների, այլեւ հայ ժողովրդի ձեւակերպած նպատակներին: Սա այն իրավիճակը չէ, որ ցանկանում էինք մենք: Մինչդեռ 20 տարի առաջ մենք աշխատեցինք ու հաղթեցինք պատերազմում, դիմակայեցինք երկրաշարժին, փախստականներին, տնտեսական քաղաքականության փլուզմանը, դիմակայեցինք զուտ շնորհիվ մեր լուսավոր գծերի: Հետո, չգիտես ինչ-ինչ պատճառով, այդ ամենը մի կողմ դրեցինք ու այլ արժեքային համակարգի անցանք: Արժեքային համակարգ, որը մեզ համար հնամաշ էր, առաջ չտանող, հնացած: Այսօրվա իրավիճակը ստեղծելիս գործել են հայ մարդու ամենաստոր գծերը: Արդյունքում դարձանք այն, ինչ դարձանք:-Ձեր կարծիքով, որո՞նք են այս 20 տարվա ամենամեծ ձեռքբերումներն ու կորուստները:-Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ մենք հասկացանք՝ Հայաստանը միայն Երեւանի, Ղարաբաղի, Մոսկվայի կամ Լոս Անջելեսի հայերը չեն, այլ այդ ամբողջությունն է Հայաստանը: Սա մենք հասկացանք անկախության առաջին երեք տարիներին, հետո կորցրինք դա, մենք համարեցինք, որ Երեւանինն առանձին է, Ղարաբաղինը՝ առանձին: Ամենամեծ կորուստը դա եմ համարում: Կորցրինք, որովհետեւ մոռացանք, թե ով է հայը: -Անկախության 20-ամյակի այս տոնակատարությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն անտեսված են, համենայնդեպս, որեւէ մեկն այս օրերին չհիշեց Կոմիտեի անդամներին, ամեն պատահածի կոչում ու շքանշան տվեցին, բայց ոչ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին: -«Ղարաբաղ» կոմիտեն համաժողովրդական շարժման սիմվոլներից մեկն էր: Բայց բազմաթիվ այլ սիմվոլներ էլ կային. այն տղաները, որոնք զոհվեցին հանուն անկախության, այն ուսուցիչը, որ շոյելով տաքացնում էր աշակերտի մատները, որ նա կարողանա ջութակ նվագել սովորել: Խնդիրը մեկն է՝ ինչ կատարվեց «Ղարաբաղ» կոմիտեի հետ, եղավ այն կորուստների համակարգի արդյունքում, որն ունեցավ նաեւ մեր ողջ ժողովուրդը: Ու «Ղարաբաղ» կոմիտեն հայտնվեց բզկտված, քանդված վիճակում, երբ մեկն այս դաշտում է, մյուսը՝ այլ: Ես կարծում եմ` այդ սիմվոլների ու մեր ժողովրդի ամբողջականության խնդիրը լուծվում է մեկ հարթության մեջ. մենք պետք է ինքներս մեզ ձեռք բերենք:-Իսկ կոմիտեի անդամներն այսօր իրենց գնահատված զգո՞ւմ են:-Ամենամեծ գնահատականն այն է, երբ մարդը զգում է, որ գնում է ճիշտ ուղով, դեպի ճիշտ նպատակ ու գնում է միշտ մարդկանց մի ամբողջականության հետ, որը եւս նույն վիճակում է գտնվում: Այլ գնահատականներ՝ պարգեւներ, մեդալներ, շքանշաններ, հարգանք եւ այլն, բոլորն արհեստական են, դատարկ են, մեծ նշանակություն չունեն մեզ համար:-«Ղարաբաղ» կոմիտեի այս վիճակի համար ո՞վ է մեղավոր՝ իշխանություննե՞րը, ժողովո՞ւրդը, թե՞ կոմիտեի անդամներն իրենք:-Ժողովուրդն ու կոմիտեն նույն վիճակում են: Կոմիտեն նույնքան մեղավոր է, որքան ամբողջականությունը` ժողովուրդը: Կոմիտեի առաջ մեկ պատասխանատվություն կա՝ անկախության առաջին տարիներին նա ստանձնեց ժողովրդին առաջ տանելու պարտավորությունը եւ հիմա ավելի մեծ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար: Իսկ թե ուրիշները կգնահատեն, չեն գնահատի, երկրորդական է:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս