Հայ-վրացական համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և առողջապահության նախարարության և համակարգի մի շարք մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան առցանց հանդիպում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և նրա տեղակալների, վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի, Առողջապահական քաղաքականության բաժանմունքի պետ Եկատերինե Ադամիայի և այլ մասնագետների հետ:
Կողմերը մանրամասն ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայումս տիրող իրավիճակը, քննարկել են համաճարակի դեմ պայքարում երկու երկրի հանրային առողջության վերաբերյալ մի շարք կարևորագույն հարցեր: Գործընկերները փորձի փոխանակման նպատակով կիսվել են համավարակի դեմ պայքարում իրենց քայլերով, ներկայացրել COVID-19-ի բուժման նպատակով կիրառվող իրենց մեթոդներն ու մոտեցումները, մշակված ուղեցույցները և այլն:
Վրացական կողմը ներկայացրել է, որ թեստավորումներն իրականացվում են 18 լաբորատորիայում` հետագայում դրանց թիվը հասցնելով 24-ի: Վերջիններիս տվյալների համաձայն` օրական կատարվում են 1400-1500 թեստավորում:
Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բուժման համար հակաբիոտիկներ նշանակելու սկզբունքը, ինչպես նաև տրիաժի` ընդունման, ախտորոշման և տեղափոխման մեխանիզմներն ու մոտեցումները:
Գործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը: