Կորոնավիրուսային համավարակը չի ընդհատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կապն ու աշխատանքը սփյուռքի երիտասարդության ու պատանիների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը․
«Գտնվելով սահմանափակման մեջ՝ այս տարի սփյուռքահայ երեխաները չեն կարող այցելել Հայաստան, սակայն անգամ այս պայմաններում հայրենիքը նրանց ավելի մոտեցնելու համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակը նոր ճանապարհներ է գտնում: Ահա այդ նպատակով՝ սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով:
Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր:
Հետաքրքիր և ակտիվ ծրագրի շնորհիվ՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, սովորել մայրենի լեզուն և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով ճանաչել իրենց հայրենիքը: Վիրտուալ այցերով մասնակիցները կլինեն Տաթևից մինչև Ամբերդ, Սաղմոսավանքից Մատենադարան ու Էրեբունի թանգարան:
Առցանց ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Հայատադիմումը լրացնելու համար պետք է այցելել հետևյալ հղմամբ:
***
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ [email protected] էլ. հասցեով: