«ՍԿՍԵԼ ԵՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉՃԱՆԱՉԵԼ». ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում մեր ազգի հետ, սկսել եմ մեր ժողովրդին չճանաչել։ Ես ինչքան հիշում եմ, մեր ազգը միշտ դժվարին պահեր է ունեցել եւ միշտ համախմբվել է, իրար հետ են եղել.  բոլորի մտքերն ու արարքները մեկը մյուսին օգնելն է եղել։ Այնքան սեր ու ձգտում է եղել՝ իրար օգնելու, հասնելու, իսկ հիմա կարծես պառակտվել է ազգը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Էվելինա Շահիրյանը։

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, թե այսօր իրեն շատ է անհանգստացնում եւ մտահոգում մեր ազգի երկպառակտված լինելը։

«Ես այդ փաստից շատ եմ հուզվում, մտահոգվում։ Անքուն գիշերներ եմ անցկացնում` մտածելով, թե ինչու է այդպես, չեմ ուզում մեղավորներ փնտրել, չեմ ուզում ոչ մեկին ասել, թե ով է ճիշտ, ով սխալ, բայց մի բան  ինձ համար ամենակարեւորն է՝ եթե որեւէ մեկը գիտի, թե ինչն է սխալ, թող կանգնեն կողքները, մի բռունցք դառնան բոլորը, որ այս վիճակից դուրս գանք։ Հնարավոր չէ այսպես պառակտված առաջ գնալ։ Մենք բոլորս հիմա մի նավակի մեջ ենք, միայն մենք չենք այդ նավի մեջ, այլ ամբողջ երկրագունդն է: Հիմա բոլորս այդ նավում ճոճվում ենք, եւ եթե կործանվենք, ապա բոլորս միասնաբար կկործանվենք։ Պետք է աշխատենք, ամեն ինչ անենք այս վիճակից դուրս գալու համար, իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ պարզապես ամեն հարցում, ինչ որ մեզանից խնդրում են, պահանջում են, մի քիչ խելացի մոտենանք, մի քիչ վերլուծենք՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Դրա համար մեզանից պահանջվում է էլեմենտար մի բան՝ դիմակ կրել»,- ընդգծում է արտիստուհին։

Էվելինա Շահիրյանի համոզմամբ՝ եթե սկզբնական շրջանում մարդիկ կրեին դիմակներ եւ գործին խելամիտ, այսօր այս պատկերն ու վիրուսի տարածման նման թվեր չէին արձանագրվի։

«Ես ուզում եմ ասել այն մարդկանց, ովքեր չեն հավատում կամ չեն կրում դիմակներ, մի պահ ձեզ պատկերացրեք այդ բժիշկների դերում, այդ արտահագուստների մեջ, մի քիչ մենք էլ պետք է նեղություն քաշենք, որպեսզի այս վիճակից դուրս գանք, չէ՞ որ նրանց համար էլ է դժվար կրել այդ հագուստները, պաշտպանիչ թաղանթները։ Գիտե՞ք՝ ամենից շատ ինչն է ինձ մտահոգում, երբ ամբողջ աշխարհը գտնվում է այս համաճարակային արհավիրքի մեջ, մեզ մոտ բերել խառնում են քաղաքականության հետ, փորձում են այս վիճակից օգտվելով՝ ինչ-որ օգուտներ քաղել, չեն հասկանում, թե այս ինչ է կատարվում։ Սա քաոս է, հիմա դրա ժամանակը չէ, կամ եթե դուք խելացի եք, բան ունեք ասելու, կանգնե՛ք, օգնե՛ք՝ դուրս գանք այս վիճակից, չէ՞ որ սա այն ազգն է, որի միասնության շնորհիվ կարողացել ենք դուրս գալ պատերազմներից, եւ մյուս բոլոր ազգերը մեզ նախանձել են այդ առումով։ Ի՞նչ պատահեց մեզ, այս ի՞նչ է կատարվում, նույնիսկ ընտանիքի անդամներ են պառակտված, մեկն այլ ձեւ է մտածում, իսկ մյուսը՝ այլ, եւ դա բերում է քայքայման»,-նկատում է մեր զրուցակիցը։

Դերասնուհին մեզ հետ զրույցում հատուկ շեշտում է, որ նա քաղաքականությամբ երբեք չի զբաղվել եւ չի էլ պատրաստվում զբաղվել, պարզապես տեսնում եւ նկատում է բաներ, որոնք, որպես քաղաքացի, իրեն մտահոգում են։

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում, բայց ես տեսնում եմ, թե կանայք ինչպես են միմյանց հետ շփվում, փողոց փակում, փողոցում պառկում, ի՞նչ է սա նշանակում, չէ՞ որ Դուք կին եք։ Ես նորից եմ ասում՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ գտնում եմ, որ պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի։ Հիմա բոլորը բժիշկ են դարձել, քաղաքագետներ են դարձել։ Ես դերասանուհի եմ եւ զբաղվում եմ իմ գործով, եւ եթե ամեն մարդ իր տեղում ու իր աշխատանքին լինի, մենք նման խնդիրների առաջ չէինք կանգնի։ Հիմա բոլորը գիտե՞ն՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ, արդյոք բոլորն այդքան խելացի՞ են։ Ես կոչված չեմ, չեմ խառնվում, բայց չի նշանակում, որ ես այդ քաղաքացին չեմ, որ իմ սիրտը չի ցավում կատարված իրադարձությունների համար»,-հավելում է մեր զրուցակիցը։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԹՎԵՐԻՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ». ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆ

Նախօրեին սիրված հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի ծննդյան 34-ամյակն էր: Հաղորդավարուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է, թե ինչպես եւ ում հետ է նշելու տարեդարձը, ինչպես նաեւ իր զգացողությունների, տարիքային առանձնահատկությունների մասին:

 

«Հակահամաճարակային պայմաններում յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, թե ինչ պատախանատվություն է կրում այսօր: Ես հասկանում եմ, որ շատերն այսօր ուզում են նշել իրենց ծնունդը, բայց հիմա այնպիսի օրեր ենք ապրում, որ պետք է զերծ մնալ նման բաներից: Ինձ համար ամենարեւորը ներքին զգացողություններն են, որը ես ունեմ: Ես իմ ընտանիքի անդամների հետ եմ լինելու, առաջինն ինձ շնորհավորել են իմ ծնողները, դրանից հետո ուղղակի գիշերվանից շնորհավորանքների հսկայական տարափ է սկսվել, որը շարունակվում է մինչեւ հիմա, իմ սիրելիների, ընկերներիս կողմից, եւ կարծում եմ՝ դա լավագույն նվերն է հիմա, եւ կարեւորն այն է, որ բոլորը լինեն առողջ»,-ընդգծում է Հրաչուհի Ութմազյանը:

Հարցին` ինչը կարող է դերասանուհուն երջանկություն պարգեւել, նա նշում է. «Երջանկությունն այդքան էլ հարատեւ ու երկարատեւ զգացողություն չէ: Մարդը երջանիկ է այնքանով, որքանով որ ունի շատ երջանիկ պահեր, կարողանում է տեսնել, ստեղծել իր սիրած մարդկանց: Ես կարծում եմ, որ ինձ նման երջանիկ պահեր կարող են պարգեւել իմ ծնողները, ընկերները, սիրած աշխատանքս»:

Հրաչուհի Ութմազյանն ընդգծում է՝ ինչպես 33-ում, այնպես էլ 34-ում շարունակում է լինել ինքնաբավ, հանգիստ ու, ամենակարեւորն  է, խաղաղ:

«Ինձ համար 34-ը շատ անուշ տարիք է, եւ ես երբեք թվերից չեմ վախեցել, թիվն ինձ համար այս պարագայում լոկ թիվ է, ուրիշ ոչ մի բան, իսկ ներսից ես դեռ շատ մանկահասակ եմ, իսկ երազանքների մասին բարձրաձայն չեն խոսում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՀ Է

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն առաջին հարցազրույցն է տվել ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն հռչակվելուց հետո: «Սա անհավանական պահ է, ես չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում հիմա: Մենք հրաշալի աշխատանք էինք կատարել եւ արժանի էինք չեմպիոնության: Այս գավաթը Դալգլիշի եւ Ջերարդի համար է: Նրանք 30 տարի սպասել էին այս պահին»,- ասել է Կլոպը։ Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ «Լիվերպուլը» հռչակվել է չեմպիոն՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» ունենալով 23 միավորի առավելությունը։

 

«ՄԻԼԱՆԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է

Իտալական «Միլանը» ցանկանում է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի հետ, որն ակումբում վարձակալությամբ հանդես է եկել 2018/19 մրցաշրջանում: «Չելսին» պատրաստ է հրաժարվել 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 20-25 միլիոն եվրո: «Միլանը» պատրաստ է Բակայոկոյին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով: «Չելսիում» նրա աշխատավարձը կազմում է 6 միլիոն եվրո: 2019/20 մրցաշրջանը Բակայոկոն վարձակալությամբ անցկացնում էր «Մոնակոյում»:

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԶԵԼ Է

Պորտուգալական «Վիտորիա Սետուբալ» ֆուտբոլային ակումբը խզել է թիմի 21-ամյա ֆուտբոլիստ Միրկո Անտոնուչիի պայմանագիրը։ Ֆուտբոլիստին թիմից հեռացնելու պատճառ դարձել է նրա հրապարակումը TikTok սոցիալական ցանցում: Ակումբի ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է Անտոնուչիին, որ նա ընկերուհու հետ համբուրվելու լուսանկարները չտեղադրի սոցիալական ցանցերում, սակայն ֆուտբոլիստը հերթական անգամ նման հրապարակում է կատարել: «Նման վարքի տեր ֆուտբոլիստը չի կարող հանդես գալ այս ակումբում: Մենք նրան բազմիցս զգուշացրել էինք, սակայն նա որոշեց դեմ գնալ մեզ»,- ասել է ակումբի նախագահը:

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍՈՒՄ»

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Մելոն մարզական կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։ 23-ամյա կիսապաշտպանը շաբաթվա վերջում կմեկնի Թուրին եւ բուժզննում կանցնի «Յուվենտուսի» կազմում: Արթուր Մելոյի փոխարեն «Բարսելոնա» կտեղափոխվի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: Արթուր Մելոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին բրազիլական «Գրեմիոյից»: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:




Լրահոս