ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Գեղարքունիքի մարզի բնակիչներին.
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,
Ինչպես հիշում եք, մարզում բարձր լեռնային կարգավիճակ ունեցող տարբեր բնակավայրերի կարգավիճակի փոփոխության և լեռնային բնակավայրերի ցանկում ներառման վերաբերյալ ձեր բողոքներին և բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան նշել էի, որ խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարություն: Միաժամանակ խոստացել էի արդյունքների մասին համապատասխան տեղեկություն տրամադրել:
Եվ ահա ՀՀ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում հստակ նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Որոշման նախագիծն արդեն իսկ գտնվում է ՀՀ վարչապետի սեղանին և ենթակա է ստորագրման:
Իսկ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 24-ի
N 02/05.4/30557-2020 հանձնարարականի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի և
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2020 թվականի հունիսի 24-ի N 01//4343-2020 գրություններով բարձրացված հարցերը:
Այսպիսով խնդիրը լուծված է, իսկ առաջիկայում նման հարցի բարձրացման դեպքում լիահույս եմ, որ այսուհետ առանց հանրային քննարկման նման որոշում չի ներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Կից ներկայացնում եմ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը»,- գրել է պատգամավորը՝ կից ներկայացնելով փաստաթուղթը::