Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենար Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը։ Հավելենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը օրերս ՍԴ-ից հետ վերցրեց իրենց դիմումը, սակայն ՍԴ-ի վարույթում կա ևս մեկ դիմում, որը 2019 թվականի մայիսի 18-ին ներկայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նույն օրը որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին նույն Դավիթ Գրիգորյանը կասեցրեց գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Հետագայում Սահմանադրական դատարանում Քոչարյանի փաստաբանական թիմի դիմումն ու Դավիթ Գրիգորյանի դիմումը միացվեցին և պետք է քննվեին մեկ վարույթում, սակայն Քոչարյանի փաստաբանները հետ վերցրին իրենց դիմումը։ Այսինքն՝ հուլիսի 7-ին ՍԴ-ում պետք է քններ Դավիթ Գրիգորյանի դիմումը։
Հավելենք, սակայն, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են, իսկ ՍԴ երեք անդամի լիազորությունները, ինչպես հայտնի է, կասեցված են, և նոր դատավորներ դեռևս առաջադրված չեն։ Սա ինքնին նշանակում էր, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում քվորում չէր լինելու: