Կենտրոնական բանկի խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վաղը՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը: Ինչպես հայտնի է, այդ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է: Սակայն, պարզվում է, իշխող ուժի կողմից նրա առաջադրումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն են Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջարկել, որը նրանց վաղեմի ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության անդամները թեկնածուներ ունեցել են, բայց նախապատվությունը տրվել է Սիմիդյանի եւ Փամբուխչյանի առաջադրած թեկնածուին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: Պատգամավորը հայտարարեց, որ Հովհաննես Խաչատրյանը իր 23 տարվա ընկերն է. «Իմ մանկական ընկերն է, բանկային համակարգում աշխատել է երկար տարիներ, պրոֆեսիոնալ է, ու մենք որոշել ենք առաջադրել իր թեկնածությունը: Թիմը իրեն գիտի այդ ոլորտում՝ որպես լավ մասնագետի, դրա համար որոշում է կայացվել հենց Հովհաննես Խաչատրյանին առաջադրելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս