ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության շուրջ ուշագրավ զարգացումները չեն դադարում: Մասնավորապես՝ մեր տեղեկություններով՝ ռազմական հնաբնակ ոստիկանապետերը ներկայիս իշխանության մեջ բարեկամներ են փնտրում իրենց տեղը ապահովվելու համար, ինչն էլ ՌՈ աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Գաղտնիք չէ, որ 2020 թվականի փետրվարի 21-ին Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսան Աղաջանյանն իր մոտ էր հրավիրել նախկին իշխանությունների հետ բարեկամական կամ ընկերական կապի մեջ գտնվող ՌՈ պաշտոնատար անձանց եւ «հաթաթա տվել»՝ եթե կաշխատեք նորմալ, կմնաք, չեք աշխատի, ազատման դիմում կգրեք: Ավելին, ՌՈ որոշ աշխատակիցներ դրանից հետո դիմել էին իշխանության իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Ալեքսան Աղաջանյանին կամ այնպես անեն, որ իրենց աշխատանքից չազատեն: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում է Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Աշոտ Զաքարյանը, որը եւս համարվում է հնաբնակներից: Ավելին, ըստ լուրերի՝ Աշոտ Զաքարյանը, լինելով Երեւանի կայազորի ՌՈ պետ, խոչընդոտել է խաղաղապահ զորքերի միանալը հեղափոխության ակցիաների մասնակիցներին: Եվ քանի որ ՌՈ նորանշանակ պետ Ալեքսանդր Աղաջանյանը որոշել է համակարգը մաքրել նախկիններից, Զաքարյանը եւս իշխանության ներսում բարեկամներ է փնտրում, որպեսզի պաշտոնից չազատվի: ՌՈ-ում տարածված լուրերի համաձայն՝ Վանաձորի ռազմական ոստիկանապետը բարեկամ է իրեն գտել՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՌՈ ռազմական ոստիկանության բաժնի պետ Աշոտ Զաքարյանի հետ, որը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղեմի ընկերներն են, սակայն վստահեցրեց, թե դա կապ չունի իր աշխատել կամ չաշխատելու հետ: «Ռազմական ոստիկանության անձնակազմը որեւէ ներքին խնդիր չունի, եւ յուրաքանչյուրը զբաղված է իր աշխատանքային պարտականությունները կատարելով»: Մեր դիտարկմանը՝ արդյոք ՌՈ ժամանակավոր պաշտոնակատարն իր հետ նման խոսակցություն ունեցել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ, ասաց. «Կարծում եմ՝ ոչ միայն իմ հետ, այլ որեւէ մեկի հետ նման շեշտադրությամբ խոսակցություն չկա, ինձ հետ առավելեւս: Ավելին, չեմ կարող Ձեզ մեկնաբանել՝ եթե որեւէ մեկին հետաքրքրում է իմ կենսագրությունը, ապա թող հետ գնան եւ տեսնեն, թե ես ինչ ճանապարհ եմ անցել»:

 

 

 

Հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Նա ներկայացրել է հիմնավորումներ այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։  Ինչպես հայտնի է, 2019թ. սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու  եւ անկախ պատգամավոր դառնալու մասին, եւ, ահա, Էդմոն Մարուքյանն իր դիմումով պահանջում է այդ մեկ մանդատը վերադարձնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերաբերվում խմբակցության կողմից ներկայացված դիմումին: «Այն չափազանց խոցելի է, որովհետեւ դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ ես չեմ անդամակցել, ասենք, իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, այդ առումով եւս «Լուսավոր Հայաստանի» դիմումը խիստ խնդրահարույց է։ Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են», – նշեց նա: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստ է վերադարձնել իր մանդատը:  «Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»:

 

 

 

2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որեւէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, եւ հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում: «Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով», -նշել էր նա։  Այս հայտարարության ֆոնին հետաքրքիր էր արձանագրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու եւ բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Եվ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաեւ «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 24-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է նախարար Թորոսյանը համաձայնել այս պարագայում աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից, արդյոք այս դեպքը թուլատրելի է համարել: Եվ, ահա, երեկ՝ հունիսի 29-ին, նախարարությունից պարզաբանեցին, թե հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա: Ստացվում է՝ նախարար Թորոսյանն ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաեւ խրախուսելի։ Համաձայնեք՝ սկզբունքային տեսակետ է:

 

 

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ մարզում մահվան դեպքերի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Մարզպետի որոշմամբ՝ փոփոխվել է հանձնաժողովի կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզի առողջապահական ընկերություններում արձանագրված հիվանդանոցային մահերի կլինիկական եւ ախտաբանաանատոմիական ախտորոշումների տարամիտման դեպքում հանձնաժողովը պետք է կազմակերպի քննարկումներ եւ ներկայացնի հաշվետվություն: ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Դա ստեղծված է եղել, ուղղակի իմ որոշումով կազմն է փոփոխվել, քանի որ նոր աշխատողներ են: Դա պարտադիր հանձնաժողով է եւ բոլոր մարզերում կա, գործում է»: Մարզպետի խոսքով՝ մահվան դեպքերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կապ չունի կորոնավիրուսի հետ: Հարցին՝ հանձնաժողովի կողմից հսկողությունն ինչ տեսքով է, մարզպետն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող դրա մասին մանրամասն ասել: Այնուամենայնիվ, դարձյալ մարզպետից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանձնաժողովը ստեղծված է մահվան կասկածելի դեպքերն ուսումնասիրելու համար: Մեր հարցին ի պատասխան՝ Ղուկասյանն անկեղծացավ. «Դեպք չի եղել, որ ուսումնասիրենք, դրա համար չեմ կարող մանրամասն ասել, թե որ դեպքերում է պետք ուսումնասիրություն անցկացնել»: Պարզվում է՝ հանձնաժողովը կա, ուսումնասիրության առարկան եւս, բայց ուսումնասիրող չկա:




Լրահոս