ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առգրավել են Շենգավիթի թաղապետարանի շենքի տեսախցիկները. նոր մանրամասներ քրեական գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումների եւ հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հարցաքննվել էր Քննչական կոմիտեում: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, թե շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի առկայությունը, սակայն շարունակում է պնդել, որ որեւէ ծեծկռտուք չի եղել: «Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել»:

Ինչեւէ, մինչ վարչական շրջանի ղեկավարը հերքում է, նախաքննական մարմինը կոնկրետ քայլերի է գնում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինն առգրավել է թաղապետարանի շենքի տեսախցիկները, որտեղ երեւում է, թե ով է թաղապետարանի աշխատակիցներից անցնում եւ,  ով կարող է հնարավոր ծեծի մասին տեղյակ լինել: Եվ ահա, այս ամենի արդյունքում, մեկը մյուսի հետեւից Շենգավիթի քննչական են հրավիրվում թաղապետարանի աշխատակիցներ:

Հավելենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս